24/07/2014 16:46
Թուրքիայի ընտրությունները չեն անդրադառնա Ցեղասպանության ճանաչման վրա
Թուրքիայի նախագահական ընտրությունների համար առաջադրված թեկնածուներից Հայոց ցեղասպանության մասին բացեիբաց խոսում է միայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ թեև այդ թեկնածուն հայտրարել է, որ պետք է Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ հայտարարությամբ դժվար թե Թուրքիայի կողմից վարվող այդ քաղաքականությունը որևէ փոխության ենթարկվի:
«Այս հարցի հետ կապված` դժվար թե նախագահական ընտրություններով կամ կառավարության փոփոխմամբ որևէ փոփոխություն տեղի ունենա: Դա թուրքական պետական քաղաքական հարց է, որի հետ կապված առայժմ լրջագույն փոփոխություններ պետք չէ սպասել»,- ասաց նա` նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար նախ պետք է հենքից փոխվի ամբողջ թուրքական ապարատը, որից հետո միայն կարելի է լուրջ ակնկալիքներ ունենալ:
Անդրադառնալով հայկական մամուլում շրջանառվող լուրերին` թուրքագետը նշեց, որ Էրդողանին պաշտպանում է, ոչ թե հայկական մամուլը, այլ ակտիվ այն ուժերն ու անհատները, որոնց հետ նա սերտ կապեր ունի: «Այդ կազմակերպությունների թվում են նաև Թուրքիայի Հայկական պատրիարքարանը, որը համարվում է իշխանամետ կառույց, և որը գտնվում է Թուրքիայի կառավարության ենթակայության տակ: Հայ համայնքը մեղադրում է այդ կառույցին, բայց այդ մարմինն այլ ելք չունի: Դա թույլ է տալիս ասելու, որ Դեմիրթաշը հնարավոր է որոշակի առավելություն կունենա, բայց հայկական համայնքի ձայները հավասարապես կբաշխվեն Էրդողանի ու Դեմիրթաշի միջև»,- մանրամասնեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է Էրդողանի շուրջ ծավալվող սկանդալին` ապա թուրագետը համոզված է, որ այդ սկանդալը որևէ կերպ չի անդրադառնա Էրդողանի վարկանիշի վրա:
«Հակաէրդողանական բևեռը թեև գնալով մեծանում է, բայց բավականին լուրջ զանգված են կազմում նաև էրդողանականները, որոնք նույնպես շատ լավ են աշխատում: Կոռուպցիոն սկանդալները և մանր-մունր խոսակցությունները Էրդողանի վրա լուրջ ազդեցություն չեն թողել և չեն էլ ունենա: ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որոնք կատալիզատոր էին հենց այս ընտրությունների համար, Էրդողանը կրկին փայլուն հաղթանակ գրանցեց, որի ժամանակ և՝ ի հայտ եկան կոռուպցիոն սկանդալները: Հակառակը՝ Էրդողանը ավելի շատ ձայներ ստացավ: Այսինքն` այդ սկանդալները ոչ թե խանգարում, այլ նպաստում են նրան: Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի գործող իշխանությունները բավականին ամուր հիմքերի վրա են կանգնած»: