28/07/2014 14:58
Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին
Ձեռքումս բավական քրքրված տետր է` մեջտեղից` զինվորական համազգեստի գույն ունեցող թելով կարված: Կազմին սպիտակ թուղթ է` «ԼՂՀ Պաշտպանության բանակ: Թիվ N զորամասի արդյունքների ամփոփման տետր» գրությամբ: Առաջին էջին գեղեցիկ, սահուն ձեռագրով մի քանի նախադասությամբ զորամասի լավագույն զինծառայողների մասին է գրված: Հետո` մի երկու դատարկ էջ ու այլ` գրեթե անընթեռնելի ձեռագիր:
Տարբեր գրիչներով, բաժանումներով լրացված այս տետրն Արցախում ծառայող դիրքապահ զինվորի օրագիր է, որ ինձ է հասել մոտ մեկ ամիս առաջ:
Օրագրի հեղինակի թույլտվությամբ Aysor.am-ը սկսում է նոր շարք, որի ընթացքում մաս առ մաս կներկայացնի դիրքապահ զինվորի զգացմունքները` գրեթե առանց խմբագրման:
***
Զինվորի օրագիրը
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 1. Առաջին Նոր տարին զորամասում
«Դարձա 200 օրվա ծառայող: Բան չմնաց` ընդամենը 530-ը:) Հենց սկզբում զգուշացնում եմ, որ շատ վատ ձեռագիր ունեմ` նենց որ կենտրոնացած ու դանդաղ կգրեմ, հատկապես որ շատ բան պիտի վերհիշեմ, ինչպես օրինակ զորմասում անցկացրած առաջին Նոր տարին, որից էլ կսկսեմ:
Արցախի հարավում դեկտեմբերի 31-ն արևոտ օր էր: Ընդհանրապես, ասում են, ձմեռը ստեղ միշտ էլ տաք ա լինում: Առավոտից ընկերներիցս մեկի հետ փորձում էինք, ինչ-որ բան մտածել` գնդում ուրախ, տոնական տրամադրություն ստեղծելու համար:
Ասեմ, որ դա իրոք կարևոր էր, քանի որ գնդում ընդամենը 2 օրվա ծառայողներ ունեինք: Ընդհանրապես, գրեթե բոլոր նորակոչիկներն առաջին օրերին տրամադրություն չեն ունենում, դեռ չեն կողմնորոշվում` որտեղ են, կարգացուցակին են հարմարվում, վերկաց, շարային... իսկ ձմռան զորակոչի դեպքում ավելի դժվար ա, պատկերացրեք երկու օր առաջ տնից գնում ես ու մեկ էլ լրիվ օտար տեղ, անծանոթ միջավայրում Նոր տարի:
Ամեն դեպքում մի բան մտածեցինք: Հավաքեցինք բոլորիս սիրած երգերը, տվեցինք մեր կապի հանգույցի ընկերոջն ու խնդրեցինք, որ միացնի: Միանգամից ամեն ինչ փոխվեց: Բոլորի տրամադրությունը, դեմքի արտահայտությունը: Մենք էլ գումարտակի կողքը կանգնած լսում էինք մեր սիրած երգերն ու` լավ էր… Քչերը կհասկանան, բայց նենց հաճելի ա, երբ կարողանում ես ստեղի կյանքին քո դրսի` քաղաքացիական կյանքից ինչ-որ` թեկուզ փոքր բան ավելացնես: Չգիտեմ ոնց բացատրեմ, կհասկանաք երևի:)
Հետո, ոնց որ երևի ամեն տեղ այդ օրն ու այդ ժամին, զորամասում էլ սկսվեցին Նոր տարվա պատրաստությունները: Նախ պիտի խորովածի «շշերի» հարցը լուծեինք: Հիմնականում փորձում էինք երկաթե հաստ «պռովուդներից»` մալուխներից պատրաստել: Երկար աշխատանք ստացվեց, որովհետև մեզ մի 300 հատ պետք էր:
Տոնական «կարգացուցակով» հաջորդը` սեղանները կարգի բերելն էր: Հրամանատարս առանձնացրեց մի քանի զինվորի` ինձ էլ, ու ուղարկեց ճաշարան: Ճիշտն ասած, ոչ մեկս ճաշարան գնալ չէր ուզում, բայց դե պետք էր:) Հետս եկավ ընկերներիցս մեկն, ում հետ մի քանի օր առաջ հոսպիտալում պառկած էի: Ինքը մեր վաշտից էլ չէր, բայց դե ինքնակամ եկավ, որ ինձ օգնի: Ժամը 7-ին մոտ սկսեցինք գցել սեղանները: Սկզբում դրանց վրա մենակ մանդարին ու խնձոր էր: Բայց դե քիչ-քիչ սեղանները լցվեցին: Վերջում էլ տնից ուղարկած մեր «տուլիկները» բոլորով բաժանեցինք ու եկավ շարվելու ժամը...
11 անց էր, երբ ամբողջ զորամասը շարվեց «պլացում»` շարահրապարակում: Մի պահ լռություն էր ու մեկ էլ վաշտերից մեկը սկսեց շատ ուժեղ «սալյուտ» անել: Դե պատկերացրեք հեռավոր սահմանապահ զորամասում, խիստ կարգացուցակին սովոր զինվորի համար ինչ ուրախություն էր նման բան տեսնելը: Բոլորով մի քանի րոպեով երեխա էինք: Սպաները, զինվորներն, առանց ինչ-որ բան ասելու, ուղղակի ժպտալով, վերև էին նայում:
Հետո ազատ պահ գտանք ու զանգեցինք տուն, կամ, ոնց որ ստեղ են ասում` «տուն խոսացինք»:) Հաջորդը հոսպիտալի տղերքին շնորհավորելն էր: Զանգեցինք, ուրախացան, ուրախացանք ու մտանք ճաշարան:
Մերոնց հետ խոսալուց նենց անբացատրելի ուրախ էի: Հատկապես, երբ քրոջս պուճուրի ձայնը լսեցի: Ինքն իմ զորակոչվելուց հետո ա ծնվել:
Հիշում եմ` 6 օրվա ծառայող էի: Ամառ, շոգ (իսկ այ ամառները ստեղ 40° ու բարձր են): Կանգնած էի ծխարանում, հոգնած, լիքը շարային արած, տղերքից հեռախոս խնդրեցի, որ զանգեմ տուն մաման ձենս լսի:
«Բարև, ո ՞նց եք: Ի ՞նչ կա ձեր մոտ»: Սովորական հարցեր ու մեկ էլ մաման.
«Բալես, էսօր քեռի ես դարձել»: Չգիտեմ, այ հիմա հաստատ բառեր չեմ գտնի, որ բացատրեմ, թե ինչ կատարվեց մեջս... Պուճուրը ոնց որ իմ ամբողջ ծառայության խորհրդանիշը լինի: Էն որ ասում են ծառայելու ինչ իմաստ կա կամ զինվորին էսօր թիկունք չեն լինում, այ իմ ծառայելու մեծագույն իմաստն ինքն ա ու հետն էլ ինքն ա իմ ամենաամուր թիկունքը:)
Ու էլի հետ գամ Նոր տարուն: Ժամը 12-ին մեր սահմանապահ զորամասի ճաշարանում հազարից ավել զինվոր գոռաց ու շվացրեց: Տենց հզոր ձայն դժվար ուրիշ ինչ-որ տեղ լսած լինեք: Հետո` զինվորական բաժակների շխկոց ու պարել, ուրախանալ, կողքի գումարտակի ընկերներին շնորհավորել...
Իմ համար ամենազդեցիկ պահը նախագահի ու կաթողիկոսի շնորհավորանքների ժամանակ էր: Դե մի տեղում հավաքված այդքան մարդու լռեցնելը բարդ բան ա, բայց հետաքրքիր էր, որ ուղերձների ընթացքում` զինվորների ու հատկապես դիրքապահ զինվորներին (այսինքն` մեզ:)) վերաբերող հատվածների ժամանակ, ճաշարանում քար լռություն էր: Տենց լռություն մեկ էլ զոհվածների կենացի ժամանակ էր…
Նոր տարուն հաջորդող երկու օրն անցավ համեմատաբար թեթև կարգացուցակով, նենց որ տոնը մի քանի օր էլ շարունակվեց:)»:
Շարունակելի
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Լուսանկարը` hayzinvor.am-ի