18/08/2014 17:49
Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք
Aysor.am-ը շարունակում է մաս առ մաս ներկայացնել Արցախում ծառայող, դիրքապահ զինվորի օրագիրը:
***
Զինվորի օրագիր
Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս
Մաս 2. Երբ օրապահ ես
«Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք: Դե ուրեմն լսեք...
Կանգնում ես քիչ-քիչ անտանելի դարձող «տումբչկայի» մոտ ու հետևում ես մոտ 200 հոգու, որ մաքուր պահեն հարկը, որ ուր պետք չի` չմտնեն, պատասխանում ես զանգերի ու գրեթե րոպեն մեկ տարբեր անկարևոր բաներ ես զեկուցում անցնող սպաներին:
Բացի այդ, քանի որ մերն ուսումնական գումարտակ ա, հետևում ես որ մոտ 300 նորակոչիկները չկորեն շենքից, ուրիշ գումարտակներ չմտնեն` ասենք ծանոթներին տեսնելու համար ու էլի` պատասխանում ես հարցերի:
Օրինակ` «Անվանականչը տեղերու՞մ ա, թե՞ պլացում» հարցը լսում ես մի 270 անգամ:
Բայց ամենադժվարը սկսվում ա գիշերը, երբ գումարտակը քնում ա...
Երկու հոգով մաքրում եք մի խանութի չափ տարածք, դե` մեծ խանութի: Մաքրելն, իհարկե, հաճելի չի, բայց անելը ճիշտ ա իմ կարծիքով:
Հիմա մաքրություն չանելով ոչ մեկին չես զարմացնի, մանավանդ Արցախի սահման պահող զորամասում, որտեղ շատ ավելի կարևոր հարցեր կան լուծելու...
Նոր էջից ու էլի մաքրության մասին:) Եթե ընդհանրացնեմ`տենց մեկը չկա, ով չանի կամ, ում համար դա եսիմինչ պատմություն լինի, համենայնդեպս` մեր գումարտակում:
Ու բացի դա հիմա էլ չանի`մի քանի օրից դիրքերում էլ հո իր շուրջը կեղտոտ չի թողելու՞:
Վերջը... Մաքրություն անելուց հետո հիմնականում մեկը քնում ա մոտ 2 ժամ, մյուսը` կանգնում, ոնց որ ես եմ հենց հիմա:) Ու այ տեղ կանգնում ա նաև ժամանակը:
Ամբողջ բատալիոնում լռություն ա ու մենակ մի ժամ կա գլխիս վերևում կախած` շատ բարձր թխկթխկում ա: Նենց, որ ձայնը հասնում ա մինչև միջանցքի ծայր ու հետ ա գալիս: Սկսում ես գժվել:) Պատերի պլակատներն ես սկսում կարդալ, որոնք մի 200 անգամ կարդացել ես արդեն, օրինակ` «Անվտանգության միջոցները ՀՕՊ-ի մարտական աշխատանքի ժամանակ»:
Կամ էլ պատին փորագրած մի հին բան ես գտնում, օրինակ` «Դավո 9/2» ու մտածում` «երնեկ քեզ», մի օր էլ մեկը ստեղ կանգնած կկարդա «Հայկ 13/1» ու նույնը կասի:) Ի դեպ բատալիոնի հետևի պատին տենց համարյա բոլոր պրիզիվները կան փորագրած:
Կանգնում ես մինչև մյուս օրվա երեկոյան 7-ը, մինչև հանձնում ես վերակարգդ, հանում շտիկդ (սվին-դանակ-խմբ.) ու ազատություն;
Հենց նոր բատալիոնի դիմացով կառաուլն անցավ: Իրանք համարյա նույն բանը զենքով ու դրսում` ցրտին են անում: Դե պոստերում կանգնած տղերքի մասին` խոսք չկա: Նենց որ անիմաստ եմ բողոքում:)
Սա կլինի իմ չորրորդ ու վերջին օրապահությունը ծառայության ընթացքում, որովհետև շուտով սերժանտ եմ դառնում ու արդեն մեկ էլ վաշտի հերթապահ կլինեմ...»
Շարունակելի
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:
Օրագրի նախորդ մասը` Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին