Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...
08/09/2014 22:19

Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...

Aysor.am-ը ներկայացնում է Արցախում ծառայող, դիրքապահ զինվորի օրագիրի երրորդ մասը:

***
Զինվորի օրագիր

Շարքային Հայկ Մինասյան, Արցախի սահմանապահ N զորամաս

Մաս 3. Երբ նորակոչիկ ես


Ինձ հաճախ են հարցնում են «մալադոյների» մասին: Ուրեմն...

Զարթնում եմ... Չգիտեմ ինչի ժպտում եմ: Նայում եմ տանս պատերին: Երկար եմ նայում, որովհետև գիտեմ` երկար ժամանակ էլ չեմ տեսնելու:
Մերոնք իրար խառնված գնում-գալիս են: Մաման սումկես ա դասավորում, ինքն էլ ա ժպտում, բայց զգում եմ` հուզված ա ահավոր:

Արդեն շատ ժամանակ ա անցել, բայց բանակ գալուս բոլոր մանրամասները լավ են տպավորված:
Մտնում եմ բաղնիք, հայելու մեջ քաչալիս եմ նայում` Ֆանտոմասի դեմքով եմ մի խոսքով:)

Լվացվում եմ, գնալու համար պատրաստված շորերս հագնում, տանը մնացող հղի քրոջս ու տատիկիս հաջող եմ անում, նույնիսկ մեր շենքին եմ հաջող անում ու դեպի զինկոմիսարիատ:
Մտնում եմ, բիլետիս մեջ ստորագրում եմ ու սկսում եմ սպասել: Ընդհանրապես բանակ գնալուց պիտի լավ սպասել իմանաս, թե չէ շատ ծանր ա անցնում:)

Մերոնց հաջող եմ անում: Իրանց հետ երկու ընկերներս են, ովքեր ծառայում են, մի օրով օտպուսկ են եկել ու հիմա ինձ են ճանապարհում:
Նստել եմ ավտոբուս, մերոնց եմ նայում: Ընկերներիցս մեկը համարյա լացում ա, մյուսն էլ իրա ձևերն ա անում ծիծաղալով... Ու տենց մերոնք էլ արցունքների մեջից ծիծաղում են:

Հետաքրքիր գիտե՞ք որն ա: Որ էդ ժամանակ սկսում ես ուզել, որ շուտ շարժվի, շուտ գնա ավտոբուսը... Վերջինը պատուհանից տպավորվում ա մորս ժպիտն ու հորս հուզմունքը: Ու հիշում եմ, որ հենց ավտոբուսը շարժվեց սառը մի բան անցավ մեջովս:

Մեկ էլ էդ ճանապարհից տպավորվել ա, որ մեր հետ եկած լեյտենանտն ասում էր.
«Տղեք, մեկը գիտի էն թազա «Metro»-ն ո՞նց ուստանովկա անեմ: WinRar-ով քաշել եմ ու չգիտեմ ոնց բացեմ»:

Սբորնի պունկտն էլ չասեմ ինչ ծանր տեղ ա... Նախ սկսվում ա ստուգումներից: Ստուգում են ամեն ինչ` գրպաններդ, սումկեդ, տոպրակներդ: Հետո` բժշկական ստուգումներ, սրսկումներ ու էլի սպասում ես...
Շոգ, մի 400 մարդ, խառը ուտելիքներ, ջուր: Հազիվ մի ծանոթ ես գտնում կամ ուղղակի խոսում ես մեկի հետ, որ լրիվ չանջատվես: 7 ժամ նույն վիճակն ա ու էդ ժամանակ բոլորն ուզում են ծառայեն:

Հիշում եմ` արդեն իրիկուն էր, երբ պատուհանից տեսանք, որ մարշրուտկեքն եկել են: Մեկ էլ վերջում մեծ ավտոբուսները եկան, որոնցից բոլորը վախում են...
Բոլորին էլի հավաքում են ու սկսում են անուններով կարդալ: Ամեն առանձնացրած պատոկից հետո սբոռնիյ պունկտի մոտ հավաքված մարդիկ գոռում են ու բարձր ծափ տալիս: 4 կողմից ասում են, որ սուս մնան, բայց դե ո՞վ ա բանի տեղ դնում` տղերքը ծառայության են գնում...

Մեր անունները վերջում են կարդում: Դուրս ենք գալիս` անձրև էր ու մեծ ավտոբուսը...
Ներսում արդեն բոլորիս կասկածները հաստատվում են` «Ղարաբաղ եք գնում, տղե'րք»:
Դարպասներից դուրս ա գալիս ավտոբուսը: Անձրևի տակ կանգնած ծնողներն էդ ընթացքում գոռում ու ծափ են տալիս: Ծափ են տալիս` մեզ...

Ճանապարհին մի կես ժամից հեռախոս ա ընկնում ձեռս: Զանգում եմ աշխարհում ամենահարազատ համարին. «Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում: Ամեն ինչ շատ լավ ա...»

Շարունակելի
ՀԳ. Հեղինակի, ինչպես նաև հրապարակված այլ անուններ` փոխված են:

Օրագրի նախորդ մասերը` Զինվորի օրագիր. Պատմություն զորամասային առաջին Նոր տարվա մասին

Զինվորի օրագիր. Իսկ դուք օրապահ կանգնե՞լ եք 

Զինվորի օրագիր. Մամ ջան, Ղարաբաղ եմ գնում. ամեն ինչ շատ լավ ա...