09/10/2014 13:21
ՀՀ-ում դեսպան. Առանց նախագահների հանդիպումների առաջխաղացումն անհնար է
Շատ կարևոր է, որ Փարիզը նախաձեռնի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը, քանի որ առանց այդ հանդիպումների Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում առաջխաղացումն անհնար է: Այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, դեսպանի խոսքով, բարդ է կազմակերպելը:
«Շատ կարևոր է, որ հանդիպեն որոշումներ կայացնող անձինք: Թեպետ ղարաբաղյան հարցում երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հաճախ հնչում, սակայն օգուտ կա. 20 տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը», - ասաց դեսպանը:
Հանդիպմանը մասնակից ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն իր հերթին ասաց, որ Ֆրանսիան ձգտում է ղարաբաղյան հակամարտությունում երկարաժամկետ խաղաղության հասնել:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում անցկացնել Փարիզում, որպեսզի պատկերացում կազմվի այն բոլոր գործիքների մասին, որոնք կարող են վստահություն ծնել և անել այնպես, որպեսզի զինծառայողներ և քաղաքացիներ չզոհվեն և որպեսզի նոր խթան հաղորդվի բանակցային գործընթացին՝ հիմնվելով երեք հիմնական սկզբունքների վրա:
Շարունակելով խոսքը՝ դիվանագետն ընդգծեց, որ կողմերն իրենք պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի համաձայնագիրը:
«Միջնորդներն օգնում են միայն, բայց ոչ մեկ չի կարող կողմերի փոխարեն որոշում կայացնել»,- ասաց նա: