04/11/2014 16:23
Ալլահշյուքյուր Փաշազադեն Գարեգին Բ-ի հետ կքննարկի դիվերսանտների հարցը
Կովկասի մահմեդականների ղեկավարության առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեն անդրադարձել է «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի թեմային:
Vesti.az-ի փոխանցմամբ, Ալլահշյուքյուր Փաշազադեն նշել է, որ այդ հարցը քննարկվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվելու է նաև մոտակա ժամանակներս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ հետ հանդիպմանը:
Նրա կարծիքով՝ այդ ուղղությամբ ամենաճիշտ քայլերը կարող են կատարել իրավապահ մարմինները և պաշտպանական կառույցները:
Կովկասի մահմեդականների ղեկավարության առաջնորդը հավելել է, որ իրենք միշտ պետության կողքին են և կանեն ամեն հնարավորն այդ խնդիրը լուծելու համար:
Հիշեցնենք, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում ընթանում է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը: