11/11/2014 16:17
Հարց Կ. Ճշմարիտյանին. Հայաստանին պարտադրե՞լ են նոր նախարարություն ստեղծել
Նոր նախարարությունը ստեղծվում է ԵՏՄ անդամակցության շրջանակներում` մեծ քանակությամբ աշխատանք իրականացնելու նպատակով: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Գոյություն ունեն տարիֆային քաղաքականություն, մաքսատուրքերի և այլ քաղաքականություն, որը բաղկացած է 22 աշխատանքային խմբերից, որոնցից միայն 6-ը էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում են: Վեց աշխատանքային խումբ մնալու է, և այդ ուղղությամբ բոլոր աշխատանքները տարվելու են մեր նախարարության կողմից: Բազմաթիվ նախարարություններ են ընդգրկվել այդ գործընթացում, որովհետև Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը բազմաոլորտ է»,- ասաց նախարարը` հավելելով, որ ճիշտ չէր լինի, եթե այդ աշխատանքները դրվեին միայն մեկ փոխնախարարի կամ նախարարի վրա, ինչպես պատգամավորներն են առաջարկում:
Կ. Ճշմարիտյանի խոսքով` կան ներկայացուցչական խնդիրներ, որոնք, սակայն, համապատասխան լուծում են պահանջում:
«Բոլոր երկրները ներկայացված են համապատասխան ձևով, Հայաստանն էլ պետք է ներկայացված լինի»,- ասաց նա:
Հարցին, թե Հայաստանին պարտադրե՞լ են նոր նախարարություն ստեղծել, Կ. Ճշմարիտյանը պատասխանեց. «Դե պարտադրված չէ, Հայաստանն իր ընտրությունն արել է: Դա ահռելի աշխատանք է, բազմաոլորտ: Սա գործընթաց է, որը կառավարությունը նախաձեռնել է, որը բնորոշ է բոլոր կառավարություններին»,- ասաց նախարարը:
Aysor.am-ի հարցին, թե ում է տեսնում նոր նախարարի պաշտոնում արդեն փորձառու նախարարը, նա դժվարացավ պատասխանել:
«Չգիտեմ, ինձ հարցեր եք տալիս, որոնց չեմ կարող պատասխանել: Կրկնում եմ, երբ կանոնադրությունը պատրաստ կլինի, ամեն ինչ պարզ կլինի»,- ի պատասխան արձագանքեց նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին շրջանառվում, թե փոխվարչապետի նոր պաշտոնը, հավանաբար, կստանձնի վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական Վաչե Գաբրիելյանը:
«Տնտեսական ինտեգրացիայի համար է նոր նախարարությունը, որտեղ ինտեգրվենք, այնտեղ կաշխատի: Ամեն ինչ պարզ կլինի, երբ նախարարության կանոնադրությունը հաստատվի, իսկ երբ հաստատվի, ենթադրություններ անելու առիթ չի լինի»,- եզրափակեց խոսքը նախարարը: