12/11/2014 14:11
«Դեմ եմ»-ն ակցիա է անցկացնում Ֆինանսների նախարարության դիմաց
«Դեմ եմ» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքով պահումներ չկատարել պետական և մասնավոր սեկտորում համատեղությամբ աշխատողներից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հանձնարարել էր համատեղության կարգով բուհերում աշխատող սոցիալական վճարներից չազատված երիտասարդ դասախոսների համար օրենսդրական նախագիծ մշակել:
Ակցիայի մասնակիցները Ֆինանսների նախարարության շենքի դիմաց պատ են կազմել և թույլ չեն տալիս անցնել դիմացի մայթ: Ոստիկանները պահանջում են ազատել ճանապարհը:
Ոստիկանության Երևանի հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց չխախտել հասարակական կարգը և չխանգարել նախարարության աշխատանքին:
Ակտիվիստները իրենց պահանջով նամակ են բերել և ուզում են այն հանձնել Ֆինանսների նախարարին:
Ոստիկանները փորձեցին հրելով ակտիվիստներին հեռացնել տարածքից, սակայն որոշ ակտիվիստների հաջողվեց պաստառներով շրջանցել ոստիկանական պատը և մոտենալ նախարարության շենքին: Ոստիկանները նրանց հեռացրեցին և շրջափակել են նախարարության շենքը:
Ակտիվիստների ահազանգով նախարարության շենքի մոտ եկել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ովքեր զրուցում են ոստիկանների հետ:
Ոստիկանները պնդում են, որ ակցիան իրազեկված չէ, իսկ նախարարության շենքին մոտենալ չթույլատրելը օրինական պահանջ չէ: