12/11/2014 17:23
Շիրակի մարզի ավտովթար. Պատճառը, միգուցե, երթևեկության սխալ կազմակերպումն է
Նոյեմբերի 10-ին Շիրակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի իրական պատճառները պարզելիս` անհրաժեշտ է հաշվի առնել տրանսպորտային միջոցի սարքինությունը, երթևեկության կազմակերպումը, ավտոճանապարհի վիճակը և վարորդի գիտելիքները երթևեկության մասին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԱՔԻԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ թեև, իր տեղեկություններով, վթարի պատճառը գազաբալոների պայթյունն է եղել, սակայն իր կարծիքով՝ վթարի իրական պատճառը հենց երթևեկության վատ կազմակերպումն է եղել, քանի որ մեր երկրում չկա այն վերահսկող համալիր կառույց:
Ասուլիսի մյուս բանախոս, Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ պետք է անպայման պարզել՝ արդյոք գազաբալոնի մաշվածությունն է եղե՞լ վթարի պատճառը և ո՞ր կազմակերպությունն է լիզենցավորել Շիրակի մարզում վթարի ենթարկված միկրոավտոբուսը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում:
Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել էր։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։
Նախորդող հրապարակում՝ 7 անձի մահվան պատճառ դարձած «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը ձերբակալվել է