15/11/2014 13:14
Շիրակի մարզում վթարի գործով մեղադրվող վարորդը շոկային վիճակում է
Շիրակի մարզում «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանը գտնվում է շոկային վիճակում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը:
Նրա խոսքով՝ ինքը Մ. Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է նոյեմբերի 13-ին, և պարզվել է, որ նա արդեն 2 անգամ հարցաքննվել է որպես կասկածյալ և մեղադրյալ:
«Քննիչը պետք է միայն իրավական գնահատական տա, սակայն առանց փորձագետի եզրակացության ինքը դիրքորոշում է հայտնել վթարի մեղավորության վերաբերյալ: Նրան 3 օր հեռախոս չի տրվել՝ հարազատների հետ կապ հաստատելու համար: Իմ պաշտպանյալի հետ ես նոյեմբերի 13-ին առանձնազրույց եմ ունեցել և ինքը ասել է, որ նույնիսկ չի հիշում, թե ինչ փաստաթղթերի տակ է ստորագրել: Միայն ասում է, որ մեղավոր է իրեն համարում, ասում է՝ տարեք, 100 տարի դատեք, սպանեք, ինձ»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Մ. Վարդանյանը սկզբում հրաժարվել է փաստաբանի ծառայությունից, քանի որ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, խնամքին գտնվում է անչափահաս երեխան:
«Մամուլում միանգամից հրապարակվեց միակողմանի եզրակացություն, որ վթարի մեղավորը Մ. Վարդանյանն է, թեև նա եղել է սթափ վիճակում և իր խոսքով՝ «Գազելը» մեծ արագությամբ եկել ու հարվածել է իրեն, բայց «Գազելի» մասին խոսք չկա: Սա խոսում է այն մասին, որ կանխակալ քննություն է տարվում»,- ասաց նա:
Փաստաբանն ասաց, որ ինքը գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ինչպես նաև Շիրակի մարզի դատախազին:
«Ես դիմել եմ պահանջով, որ Մ. Վարդանյանը տեղափոխվի Դատապարտյալների հիվանդանոց, քանի որ իրեն այս պահին անհրաժեշտ է բժշկական, ինչպես նաև հոգեբանի օգնություն: Երբ, որ խելքի գա, պետք է դիմեմ նաև իրեն իմ ներկայությամբ նրան հարցաքննելու միջնորդությամբ»,- ասաց նա:
Փաստաբանը նաև ասաց, որ թե ինքը, թե իր պաշտպանյալը ցավակցում են վթարից տուժածների հարազատներին:
Նախորդող հրապարակում՝ Շիրակի մարզում վթարից տուժած մայր ու որդի շարունակում են մնալ հիվանդանոցում