17/11/2014 10:54
Նախագահը բանակային բնագծում դիտել է ստորաբաժանումների գործողությունները
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, հայկական երկու հանրապետությունների «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ նախօրեին այցելել է առանձին մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր, արգելագոտում դիտել ցուցադրական պարապմունքները: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Նախագահները ծաղիկներ են դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել Արցախի և Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:
Սերժ Սարգսյանը եղել է նաև բանակային բնագծում, դիտել ստորաբաժանումների գործողությունները, ներկա գտնվել նոր զորանոցի ու զինավանի բացման արարողություններին, ապա խրախուսել ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին:
Աշխատանքային այցի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ներկա է գտնվել անգիոգրաֆիկ կենտրոնի բացմանը:
Բժշկական այս կենտրոնում կատարվելու են սրտի և մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու և բուժվելու են անոթային խնդիրներ ունեցողները: