18/11/2014 10:57
ՊՆ-ն Ադրբեջանի ղեկավարներին հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքը
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն Ադրբեջանի բանակի ղեկավարներին հիշեցրել է, թե վիրավորների ու մահացածների հետ վարվելու ինչպիսի կանոններ է սահմանում միջազգային մարդասիրական իրավունքը.
«Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում:
Մասնավորապես հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին ու հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին ու նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը: