25/11/2014 17:21
Սեյրան Օհանյան. Մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից
Այսօր Եռաբլուր զինվորական պանթենում զինվորական արարողակարգով տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից խոցված ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի՝ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հուղարկավորությունը:
«Խոնարհվելով իրենց զինվորական պարտքը մինչև վերջ կատարած հայ օդաչուների պայծառ հիշատակի առջև և հայկական բանակի ողջ անձնակազմի անունից իմ խորին ցավակցությունը հայտնելով նրանց հարազատներին՝ միաժամանակ շնորհակալությունս եմ հայտնում աճյունների փրկության համար հատուկ գործողության բոլոր մասնակիցներին, այն մշակողներին ու իրականացման աջակցողներին»,- Եռաբլուրում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ շարունակելով.
«Այդ նրանք էին, որ չանսալով դիվանագիտական ձեռնարկումների արդյունքներին, իրականություն դարձրին յուրաքանչյուր հայի սպասումը և միջդիրքային տարածությունից հայրենիք վերադարձրին Արցախի երկնքի պահապաններին: Նրանք ևս մեկ անգամ ու շատ փայլուն կերպով վերահաստատեցին պարտված զավթչի անզոր կատաղության դեմ հայկական բանակի հաղթական գերազանցությունը»,- ասաց Պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, օդաչուներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զոհվելը Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակառակորդի բանականությունից ու սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվությունից զուրկ գործելակերպի հերթական դրսևորումն էր:
«Այս առումով 2014 թվականը դժվարին տարի եղավ և՛ Հայաստանի, և՛ հայկական բանակի համար: Հակառակորդն ականջալուր չեղավ Հայաստանի Հանրապետության նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացմանը՝ մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք՝ զգույշ եղե'ք, սա հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»,- ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ հակառակորդը չհասկացավ ոչ մի նախազգուշացում և փորձեց դիպուկահարների պատերազմը տեղափոխել դիվերսիոն դաշտ:
«Հակառակորդն այդպես էլ չի հասկանում, որ դարանից զինվոր թե ուղղթիռ խոցելիս, հայկական բանակին թիկունքից հարվածել փորձելիս, ամեն անգամ դիմադարձ հարված է ստանալու ու հերթական անգամ բացվելու է ադրբեջանական բանակի անզորությունը այլևս քողարկել չկարողացող պատառոտված վարագույրը: Փոխարենը հայկական բանակը վսհատորեն քայլում է բոլոր դարանները մի օր հայտնաբերելու, ոչնչացնելու ճանապարհով: Ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, օդաչուներ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանն ու լեյտենանտ Ազատ Սահակյանը «Միասնություն-2014» զորավարժության երկնքում, իսկ հատուկ նշանակության ստորաբաժանումների բոլոր զինվորները մարտադաշտում ու նաև այս տարվա ընթացքում միջազգային զորավարժություններում հայկական բանակի օգոստոսյան նվաճումները պաշտպանեցին»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ևս մեկ անգամ Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի անունից սփոփանքի խոսքեր ասաց առաջին հերթին զոհված օդաչուների հարազատներին:
«Մեզ բոլորիս, մարտական ու ծառայակից ընկերներին, սփոփանքի խոսքի հետ էլ ասում եմ, որ մենք լինելու ենք ու պարտավոր ենք միշտ կանգնած լինել նրանց հարազատների, նրանց որդիների կողքին: Մենք ենք լինելու այն մարդիկ, ովքեր իրենց ծառայության ընթացքում շարունակելու են նրանց կիսատ թողած գործը: Մեր զոհված ընկերները, մեր զոհված օդաչուները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Մենք մեր գործունեությամբ այնպես պետք է անենք, որ ամեն բան կատարվի բարձր մակարդակով և նրանց փոխարեն ու նրանց հետ միասին մենք կապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա զարգացումը»,- Եռաբլուրում ասաց Պաշտպանության նախարարը: