29/11/2014 19:24
Ամենաուշագրավը՝ մարզերից
Թերություններ բուժհաստատություններում, օտարերկրյա որդեգրումներ, անօթևան մնալու վտան: Ներկայացնում ենք անցած շաբաթ Հայաստանի մարզերում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները:
12 ընտանիք անօթևան չի մնա
Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները այս շաբաթ տեղեկացան, որ չեն վտարվի հանրակացարանից:
Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատիը սնանկ ճանաչվելու պատճառով իրեն պատկանող հանրակացարանը 2005 թվականի մայիսի 6-ին աճուրդային կարգով վաճառվել է: 12 ընտանիք 1987 թվականից մինչ օրս ապրում է հանրակացարանում, բնակվելու այլ տեղ չունենալու պատճառով:
Սեփականատերն ունի դատարանի կողմից ընդունված վճիռ, որը թույլ է տալիս բնակիչներին վտարելու հանրակացարանից: Շենքի բնակիչներն արդեն 9 տարի է, ինչ պարբերաբար հայտնվել են շենքը լքելու խնդրի առաջ:
Վերջերս բնակիչներն ու սեփականատերը համաձայնության էին եկել, որպեզի բնակարանները գնել հնարավորինս մատչելի գնով: Այս շաբաթ, սակայն, հայտնի դարձավ, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմել է վարչապետին ու խնդրի լուծման համար աջակցություն ստացել: Այսպիսով, կառավարությունը ֆինանսական միջոցներ կտրամադրի բնակարանների գնման համար, որոնք կսեփականաշնորհվեն ու նվիրատվության կարգով կտրվեն բնակիչներին:
Լոռու առողջապահական հաստատություններում թերություններ կան
Լոռու մարզում վերջերս անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզի գրեթե բոլոր բժշկական հաստատություններում թերություններ ու բացթողումներ կան: Մարզպետի հանձնարարությունից հետո սկսված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թե՛ ստացիոնար և թե՛ ամբուլատոր- համաբուժարանային բուժսպասարկում իրականացնող բուժհաստատություններում մասնագետ կադրերի պակաս կա: Բացի այդ, կա անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխան պայմաններ ստեղծելու և բուժսարքավորումների անբավարարության խնդիր:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասել է, որ հայտնաբերված թերությունների մասին կիրազեկվեն մարզի բոլոր առողջապահական հիմնարկները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով: Հայտնաբերված թերությունները շտկելու համար բուժհաստատություններին տրվել է մի քանի ամիս ժամանակ: Վերջնաժամկետը 2015 թվականի հունիս ամիսն է:
Մարզպետը նշել է. «Այնտեղ, որտեղ թերությունները կկրկնվեն, խիստ մոտեցում կցուցաբերվի»:
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ մարզի բուժհաստատություններում կրճատվել է վճարովի ծառայությունների թիվը: Ստացիոնար հաստատությունների ղեկավարների խոսքով՝ պատճառը բնակչության թվի նվազումն ու տարբեր ծրագրերն են:
Մարզպետը բուժհաստատությունների ղեկավարներին հանձնարարել է այս ոլորտում բացառել ստվերը:
Օտարերկրյա որդեգրումներն ավելացել են, ո՞րն է պատճառը
Հայաստանում որդեգրման համակարգը պետք է լուրջ ուշադրության արժանացնել: Դիտարկումները ցույց են տալիս, որ վերջին տարիներին օտարերկրյա որդեգրումների թիվը մեծացել է ու գերազանցում է տեղական որդեգրումներին: Ըստ ՀՀ սոցապնախարարի՝ անհրաժեշտ է պարզել, թե որոնք են պատճառները: ՀՀ կառավարությունն ու ԱՄՆ միջազգային գործակալությունը կիրականացնեն մի ծրագիր, որը կվրաբերի երեխաների՝ ընտանիքներում ապրելու իրավունքի վերականգնմանը, երեխաներին խնամքի հաստատություններից դուրս բերելուն և նոր մուտքերը կանխելու խնդիրներին՝ կանխարգելման բաղադրիչով:
Այս շաբաթ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին և փորձագետների: Իրավիճակին ծանոթանալու նպատակով հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Նրանք կարևորեցին հատկապես հանդիպումները մարզային, համայնքային իշխանությունների, համայնքներում երեխաների խնդիրներով զբաղվող կառույցների հետ:
Մարզերը մասնակցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին
Նոյեմբերի 27-ին կայացավ «Հայաստան» համահայկական համահայկական հիմնադրամի հայտարարած հեռուստամարաթոնը: «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքներն ամփոփվեցին ու հայտարարվեց, որ կատարվել է12․4 միլիոն դոլարի նվիրատվություն:
Հեռուստամարաթոնին մասնակցել են նաև Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերը: Այսպես, Գեղարքունիքի մարզպետարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված հեռուստամարաթոնի ընթացքում հիմնադրամի հաշվին փոխանցել է 5 մլն 283 200 հազար դրամ, Արագածոտնի մարզը՝ 4.5 միլիոն դրամ:
Նշենք, որ հավաքագրված գումարն ուղղվելու է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, որի երկարությունը կլինի 116 կմ: