02/12/2014 13:29
Հայկական սննդամթերքը կշարունակի պահանջված լինել ռուսական շուկայում
Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից պատժամիջոցներ կիրառելու առաջին օրվանից ի վեր մեր հասարակության լայն շրջանակների համար մտահոգության հիմնական թեման այն էր, թե Արևմուտք-Ռուսաստան լարվածությունը որքանով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, մանավանդ այն պայմաններում, երբ Հայաստանը ունի Ռուսաստանի տնտեսության հետ փոխկապվածության բարձր մակարդակ և ցանկություն է հայտնել անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:
Ահա այս ֆոնին Հայաստանում տեղի ունեցող ցանկացած մակրոտնտեսական փոփոխություն մեծամասամբ կապվում է հենց Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների հետ: Սակայն իրականությունը այն է, որ Ռուսաստանում առկա տնտեսական անկայուն վիճակը ոչ միանշանակ է բացասաբար ազդում Հայաստանի տնտեսության վրա:
Առաջին հերթին պետք է նշել Հայաստանի արտահանման համար բացվող հնարավորությունների մասին, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի հայտարարած էմբարգոյից հետո: Այս տարի մի շարք ապրանքատեսակների մասով էականորեն ավելացել արտահանումը և Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքում եղել է որակական փոփոխություն: Օրինակ՝ թարմ ձուկ, մրգեր բանջարեղեն, կաղամբ, ընկուզեղեն, կաթնամթերք և մսամթերք հոդվածներով ավելացել է արտահանումը:
Ամենևին պատահական չէ, որ հենց այս ապրանքատեսակների մասով Ռուսուսատանը մեկ տարով սահմանափակել է ներմուծումը Արևմտյան երկրներից:
Ռուսաստանի կողմից էմբարգոն հայտարարվեց օգոստոսին և սննդամթերքի արտադրության ավելացնելու առումով հայկական գյուղմթերքի արտադրողները չկարողացան լիարժեքորեն օգտագործել ընձռված հնարավորությունը, քանի որ արդեն մոտենում էր բերքահավաքը և անհնար էր ավելացնել գյուղմթերքի ծավալները, սակայն գալիք տարվա համար ռուսական շուկայում սպասվող մեծ պահանջարկը կնպաստի, որ հայրենական ապրանք արտադրողները վաղորոք նախապատրաստվեն:
Ամենևին չբացառելով այն բացասական ազդեցությունը, որը կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, չպետք է անտեսել մեկ կարևոր հանգամանք, որ ռուսական սննդամթերքի շուկան առաջիկայում ևս մեծ պահանջարկ է ունենալու, հետևաբար այս հնարավորությունը կարող է լրջագույն խթան հանդիսանալ նախ որակապես փոխելու Հայաստանից Ռուսաստան արտահանման կառուցվածքը, ապա նաև կոմպենսացնելու այն ռիսկերը, որոնք առաջանում են ռուբլու արժեզրկման, տրանսֆերտների և ներդրումների հնարավոր կրճատման պատճառով: