02/12/2014 13:49
Ա. Կռիլով. Մինչև Աբխազիան չվերադառնա Վրաստանի կազմ` ԱՄՆ-ն արգելափակելու է աբխազական երկաթուղու վերագործարկումը
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մի «կանաչ լույս» չի տվել աբխազական երկաթգծի վերագործարկմանը, նախևառաջ այն պատճառով, որ այն չի անցնում Ռուսաստանի տարածքով»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս հայտնի քաղաքագետ, Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կռիլովը` մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունն ու դրան հաջորդած մեկնաբանությունները: Բայց, շարունակեց քաղաքագետը, այս հայտարարությունը վկայում է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս աջակցել` ֆինանսապես, տեխնիկապես և այլն երկաթուղային փոխադրումների իրականացմանը` եթե, իհարկե, նման որոշում կայացվի.
«Այս մասին հայտարարվել է բազմիցս ու հենց այդ դիրքորոշումն է, որ առկա է Ռուսաստանի նախագահի հայտարարության մեջ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու համար անհրաժեշտ է բացել Աբխազական երկաթուղին: Այս հայտարարությունը միանշանակ չէր ընդունվել արևմտամետ ուժերի կողմից, իսկ Վրաստանի ԱԳ նախարար Թամար Բերուրաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի տրանսպորտային և տարանցման ներուժի օգտագործումը Վրաստանի ինքնիշխան իրավունքն է և ոչ ոք իրավունք չունի իրականացնել այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Ռուսաստան-Վրաստան երկաթգիծն Աբխազիայի տարածքով:
Այդ դեպքում, հետաքրքրվեցինք, ինչո՞ւ պաշտոնական Թբիլիսին նման ջղաձիգ կերպով արձագանքեց այդ հայտարարությանը.
«Խնդիրն այն է, որ ներկայումս Վրաստանը մեծ կախվածություն ունի հարևաններից` Թուրքիայից և Ադրբեջանից, որոնք ամեն կերպ փորձում են մեկուսացնել Հայաստանին արտաքին աշխարհից: Ու քանի դեռ այդ իրավիճակն առկա է, խոսել Վրաստանի կողմից Աբխազիայի տարածքով երկաթուղային փոխադրումների վերագործարկմանը համաձայնվելը իրատեսական չէ»,- արձագանքեց քաղաքագետը` ավելացնելով, որ հենց դա է գլխավոր գործոնը և ոչ թե այն հանգամանքը, թե քաղաքական ինչ ուժեր են կանգնած Վրաստանի իշխանության ղեկի մոտ:
Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե Վրաստանը կարողանա նվազեցնել այն մեծագույն կախվածությունից, որ ունի Անկարայից և Բաքվից.
«Դա, իհարկե, հնարավոր է անել, բայց չեմ կարծում, թե Թբիլիսիին դա կհաջողվի մոտ ապագայում: Եվ այդ գլխավոր խնդրի լուծումից հետո աբխազական երկաթգծի վերագործարկմանը վերաբերող և այլ հարցերը ավելի հեշտ լուծելի կլինեն»,- ասաց նա:
Ա. Կռիլովին տեղեկացրինք, որ օրերս Ազգային Ժողովում տեղի էր ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փակ հանդիպում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետ և որից հետո նիստին մասնակցած ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը Aysor.am-ին հայտնել էր, որ քննարկվել է նաև Պուտինի այս հայտարարությունը: Ըստ այդմ` դեսպանն ասել է, որ «իրենք ողջունում են ցանկացած կոմունիկացիայի առկայությունը, որն օգտակար կլինի Հայաստանի համար»:
Ա.Կռիլովից հետաքրքրվեցինք` հավատո՞ւմ է ԱՄՆ պաշտոնյայի անկեղծությանը: Քաղաքագետն էլ հիշեցրեց, որ ի պաշտոնե դեսպանը պետք է նման բաներ ասի և որ հայտարարությունների մեծ մասը սովորաբար կարող է կապ էլ չունենա իրականության հետ, ցուցադրի պատրաստակամություն զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները և այն երկրի բարեկեցությանն ուղղված քայլերը ողջունի, որտեղ հավատարմագրված է: Եվ այս իմաստով, նկատեց ռուս քաղաքագետը, Հեֆֆերնի հայտարարությունը մեկնաբանելու անգամ կարիք չկա` դեսպանի գործունեությանը լավ ծանոթ ենք.
«Շատ հաճախ դեսպանները զբաղվում են ոչ բարեհաճ գործունեությամբ, ինչը բերում է շատ ու շատ խնդիրների այն երկրներում, որտեղ նրանք աշխատում են, այդ թվում և` հեղաշրջման, պատերազմների ու կոնֆլիկտների: Պաշտոնաթող դեսպաններից մեկը իր հիշողություններում գրել էր, որ դեսպանը պետք է պարբերաբար ստի` հայրենիքի շահերից ելնելով»,- ասաց Ա. Կռիլովը:
Վերադառնալով աբխազական երկաթուղուն ու Հեֆֆերնին էլ ասաց, որ այս առումով մեկ բան հստակ է. մինչև Աբխազիան չվերադառնա ամերիկամետ Վրաստանի կազմ, ամերիկյան քաղաքականության նպատակն է լինելու արգելափակել աբխազական երկաթուղու վերագործարկմանն ուղղված բոլոր ջանքերը.
«Բայց այդ սյուժեն էլ դեռ ակտուալ չէ ամերիկյան քաղաքականության համար, քանի որ այդ որոշման իրագործումը երաշխավորում են Ադրբեջանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները»,- հավելեց Aysor.am-ի զրուցակիցը: