05/12/2014 13:02
Նաիրիտցիները նորից բողոքի ցույց են անում. Պահանջը՝ հրավիրել տնօրենների խորհրդի նիստ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացնում գործարանի դիմաց:
Aysor.am-ի հետ զրույցում գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն ասաց, որ նաիրիտցիները պահանջում են, որպեսզի տնօրենների խորհրդի նիստ գումարվի:
«1-2 ժամվա ընթացքում պարզ կլինի կգումարվի տնօրենների խորհրդի նիստ, թե՝ ոչ»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Մեր թղթակցի հաղորդմամբ՝ «Նաիրիտի» մոտ բավական շատ ոստիկաններ են հավաքված՝ գործարանի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, ի՞նչն է դրա պատճառը.
«Գիտեք, երեկ որովհետև շատ կոչեր հնչեցին նաև փողոցներ փակելու մասին: Ոստիկանները, ենթադրում եմ, դրանից անհանգստացած են ու այդ պատճառով էլ հավաքվել են, բայց առայժմ մարդիկ նման գործողությունների չեն դիմում»,- ասաց Անուշ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է իրավական հիմք չլինելու կապակցությամբ աշխատավարձերը ամբողջությամբ չմարելու հարցին՝ Անուշ Հարությունյանը պատասխանեց.
«Կառավարությունն ասում է՝ չկա իրավական հիմք: Իսկ մենք ենթադրում ենք, որ կա այդ հիմքը»: