15/12/2014 14:52
Արամ Մանուկյանին ծեծելու դեպքն ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում է. Հայտարարություն
ԱԺ ընդմիջումից հետո խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ: Մինչ հայտարարությունը հրապարակելը ԱԺ նախագահն իր խոսքում ասաց, որ բոյկոտն ու ձախողումը դրանք տարբեր բաներ են:
«Բոյկոտում են որևէ օրինագիծ: Ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը փորձ էր ԱԺ աշխատանքները ձախողելու, որը չստացվեց»,- նկատեց նա՝ հավելելով, որ խմբակցությունների ղեկավարների հետ եղել է խորհրդակցություն, որն առնչվել է արտահերթ նիստ հրավիրելուն, ուստի առաջարկում է ներկայացնել հայտարարության նախագիծ:
Գ. Սահակյանն ընդգծեց նաև, որ ԱԺ-ը դա անում է, ոչ թե այն պատճառով, որ գտնում է` միտինգային ճանապարհով կարելի է հարց լուծել, այլ որովհետև` իշխանությունները ևս խիստ դատապարտում են տեղի ունեցածը:
«ԱԺ-ը, խորապես մտահոգված լինելով վերջին շրջանում հայտնի գործիչների նկատմամբ կիրառվող բռնություններո, ` ակնկալելով իրավապահ մարմինների անաչառ և օպերատիվ գործունեությունը, գտնում է, որ պետք է մեղավորներին օրենքի ողջ խստությամբ դատապարտել:
Ընդգծելով մեր գործընկեր Արամ Մանուկյանի միջադեպը՝ հայտարարում ենք, որ ինչպես նրա, այնպես էլ մյուս գործիչներին ծեծի ենթարկելու դեպքերը, ԱԺ նախագահի ուշադրության կենտրոնում են: Հայտարարում և խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն: Կոչ ենք անում նաև ՀԿ-ներին ու անհատ անձանց իրենց արտահայտություններում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կխոչընդոտեն հետաքննությանը և կարող են առաջացնել անհարկի լարվածություն հասարակության մեջ:
Առաջարկում եմ խորհրդարանական ուժերին միանալ այս հայտարարությանը»,- ասաց ԱԺ նախագահը` ընդգծելով, որ այս նախագիծը քննարկման ենթակա է, որի ժամանակ հնարավոր կլինի ձևակերպումների փոփոխություններ մտցնել: