16/12/2014 15:53
Եռյակը նոր պահանջներ է ներկայացրել. Ավարտվեց Եռյակ+ՕԵԿ խորհրդակցությունը
ԱԺ խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն», ինչպես նաև՝ «Օրինաց երկիր» խմբակցությունները ԱԺ-ից պահանջում են դատապարտել տեղի ունեցած բռնարարքները, իսկ իրավապահ մարմիններից՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, սեղմ ժամկետում հանցագործությունները բացահայտելու համար:
Հիշեցնենք, որ այսօր քաղաքական ուժերը փակ նիստ էին հրավիրել: Նիստի ավարտից հետո քաղաքական ուժերը ներկայացրեցին համատեղ հայտարարություն:
«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, ակտիվիստների ու ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը: Խստորեն դատապարտելի է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայտարարությունը՝ քաղաքացիներին սպառնալու մասին, ինչն անհամատեղելի է Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին»,- նիստի ավարտից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ներկայացնելով հերթական պահանջների «թոփ եռյակը».
1. ԱԺ-ն դատապարտում է տեղի ունեցած բռնարարքները և պահանջում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները սեղմ ժամկետներում այս հանցագործություններում մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու և օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
2. Բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին:
3. ԱԺ-ն պահանջում է ձեռնարկել բոլոր սահմանված միջոցներն այսուհետ կանխելու քաղաքակիրթ ու ժողովրդավար երկրին անհարիր ցանկացած քայլ:
«Եթե ոստիկանապետը բավարարվում է փոխոստիկանապետին ընդամենը մեկ «դաստիարակչական նկատողություն» անելով, ապա դա խոսում է այն մասին, որ իշխանությունը պատրաստ չէ մեկ բարձրաստիճան պաշտոնյայից հրաժարական պահանջել, որը թույլ է տվել նման հայտարարություններ անել: Մենք նախաձեռնել էինք արտահերթ նիստի ընթացքում հրավիրել հիշյալ պաշտոնյային և, միգուցե, ինքը վկայակոչեր Ոստիկանության մասին օրենքում կամ հարակից այլ օրենքներում որևէ դրույթ, որն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ շան թուլի պես կկտրի ցանկացածի ականջն այս կամ այն հայտարարության համար»,- ասաց Զոհրաբյանը:
Ի դեպ՝ Եռյակը վաղը ևս կնախաձեռնի արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն դոլար-դրամ տատանվող քաղաքականության հետ կապված հարցերը: «Նիստին հրավիրված կլինեն այդ խայտառակ պատմության բոլոր հեղինակները»,- ասաց պատգամավորը»,- ասաց պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Եռյակը վերադառնում է ակունքներին ու դառնում քառյա՞կ