19/12/2014 20:10
Գյուղնախարարությունը 2015թ-ի համար կանխատեսում է թե անասնագլխաքանակի, թե մսի արտադրության աճ
«2015թ-ին տավարի գլխաքանակը կկազմի 694.5 հազար, ոչխարների և այծերի գլխաքանակը` 753.8 հազար, խոզերի գլխաքանակը` 145.0 հազար, թռչուններինը`5 մլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, հավելելով, որ անասնագլխաքանակի աճի հետ միասին կավելանան նաև անասնաբուծական մթերքների արտադրության ծավալները:
Ընդ որում` մսի արտադրության համախառն ծավալները կավելանան 18.2 հազար տոննայով և կկազմեն 165.0 հազար տոննա, կաթի արտադրությունը կավելանա շուրջ 61.0 հազար տոննայով և կկազմի 718.0 հազար տոննա, իսկ ձվի արտադրությունը կավելանա 28.8 մլն հատով և կկազմի 644.0 մլն հատ:
Ըստ Բաղիյանի` ոլորտի նման տպավորիչ արդյունքները իրականացվող ծրագրերի և բնագավառի աշխատողների հետևողական աշխատանքի արդյունք են: Նա հատկապես առանձնացրեց 2007 թվականից գործող «Տավարաբուծության զարգացման ծրագիրը», որի շրջանակում մինչ օրս ներկրվել են 1811 գլուխ բարձր մթերատու տոհմային շվից, սիմենթալ և հոլշտին ցեղերի երինջներ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 65 տնտեսավարող սուբյեկտների: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են նոր տոհմային տնտեսություններ, որտեղ կենդանիները ցուցաբերում են բարձր մթերատվություն: Ներկրված երինջներից ստացվել են բարձր մթերատու հատկանիշներով օժտված տեղի բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող և բարձրարժեք տոհմային հորթեր: Դրանցից արդեն 1000 գլուխ վաճառվել են հանրապետության գյուղացիական տնտեսություններին:
«Որոշ ընկերություններ այս գործում մեծ հաջողությունների են հասել և իրենց տնտեսություններում բուծված տոհմային երինջների խմբաքանակից շուրջ 200 գլուխ վաճառել են Վրաստանի Հանրապետությանը, ինչը աննախադեպ երևույթ է մեր հանրապետության անասնաբուծության ողջ պատմության ընթացքում: Ներկրված կենդանիներից տարեկան ստացվում է 6-8 հազար կգ կաթ, ինչը 3-4 անգամ գերազանցում է մեր հանրապետության միջին ցուցանիշին, իսկ առանձին կովերի կաթնատվությունը կազմում է 10-11 հազար կգ», – ընդգծեց Գրիշա Բաղիյանը: