20/12/2014 14:34
ԿԳ նախարար. Հայաստանում դասագրքերը որակյալ են, բայց՝ բարդ
Նախորդ տարվա ձեռբերքումներից են նաև նոր դասագրքերը: Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` կան հրատարակված նոր դասագրքեր, որոնք դպրոց են մտնում միայն փորձարկումից հետո: Ա. Աշոտյանի համոզմամբ` սա կտրուկ նվազեցնում է այն դժգոհությունը, որն առկա է հասարակության լայն շերտերի մոտ, բայց նախարարը վստահ է` ձեռքբերումներն առանց այդ խնդիրների ու քննադատությունների չեն լինում:
ԿԳ նախարարը խոստովանեց, որ Հայաստանում դասագրքերը բավականին որակյալ են դարձել. «Դրանք որակյալ են, բայց միաժամանակ բավականին բարդ: Մենք հիմնականում լուծել ենք դասգրքերի որակի խնդիրը, բայց չենք լուծել դասագրքերի մատչելիության հարցը: Երեխայի ֆիզիոլոգիական ու դաստիարակչահոգեբանական առանձնահատկությունից ելնելով՝ գտնում ենք, որ դպրոցներում պետք է դասավանդվեն այդ գրեքերով: Ցավոք, սա խնդիր է, որը պահանջում է խիզախ լուծումներ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Այս համատեքստում նախարարը ընդգծեց նաև, որ այդ խնդրի լուծման առաջին ճանապարհը պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումն է, որը պետք է լինի ոչ միայն գիտական ու մասնագիտական, այլև հոգեբանական: «Եթե այդ դասագիրքը ներմուծել ենք, պետք է նաև կարողանանք աշխատել: Սա, իհարկե, ռիսկ է պարունակում իր մեջ, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով: Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ պետք է օգտվենք հայաֆիկացված, բայց միջազգային փորձ ունեցող դասագրքերից»,- ասաց նա: