20/12/2014 14:53
Աշոտյան. Երիտասարդները նախընտրում են չլինել «դիպլոմավորներ» ու նստել տանը
Հազարավոր մանկավարժներ արդեն անցել են վերապատրաստման դասընթացներ: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարն ընդգծեց նաև, որ ԿԳ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձրել միջազգայնացման խնդրին: Ուշադրության կենտրոնում է նաև դասագրքերի խնդիրը: Նախարարը շեշտեց, որ միջազգային կրթական ծրագրերում Հայաստանը առաջիններից մեկն է բոլոր ոլորտներում:
«2014 թվականն կարևոր տարի էր: Հաջորդ տարի Հայաստանը պատրաստվում է Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական հանձնաժողովին»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ նախորդ տարվա իր այցելությունները մի շարք եվրոպական երկրներ հիմնականում սրանով էին պայմանավորված:
«Մեր արտասահմանցի գործընկերները բարձր են գնահատում Հայաստանում իրականացվող աշխատանքները թե՛ որակապես, թե՛ անհատապես»,- նկատեց նախարարը` շեշտելով, որ հաջորդ տարի Հայաստան կժամանեն ոչ միայն 47 եվրոպական երկրների ԿԳ նախարարներ, այլև` Հայաստանն առաջարկել է մասնակցել ԵՄ և Եվրոպայի խորհրդ կողմից եվրոպական բարձրագսւյն կրթական տարածքի հարևան երկրների ներկայացուցիչներին:
Նախարարը ձեռքբերում համարեց նաև այն, որ միջին մասնագիտական կրթօջախներում ուսանողների թիվն է ավելացել: «Նախկին 14 հազարի փոխարեն ունենք արդեն 21 հազար ուսանող»,- ասաց նա` նկատելով, որ այսօր երիտասարդների մեծ մասը նախընտրում է չդասվել այն «դիպլոմավորների» շարքերում և տանը նստել, փոխարենն ունենալ այնպիսի մասնագիտություն, որով կկարողանա գումար վաստակել:
«Շուրջ 7000 անվճար տեղ է ստեղծվել տարբեր քոլեջներում և ուսումնարաններում»,- ընդգծեց նա: