20/12/2014 14:13
Խ. Հակոբյան. Այս տարի կենտրոնի 802 այցելուի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ
Անցնող տարում «Հայ-ամերիկյան առողջության» կենտրոնի 802 այցելուի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, 299 կնոջ կյանք հաջողվել է փրկել: Ընդհանուր առմամբ 2014թ-ին կենտրոնում կատարվել է կրծքագեղձի 22 հազար հետազոտություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով այդ 299 դեպքերին՝ նա պարզաբանեց, որ կանայք կենտրոն եկել էին ուղղակի հետազոտվելու, առանց որևէ գանգատի և հենց հետազոտությունը հնարավորություն է տվել հայտնաբերել նրանց մոտ քաղցկեղը զարգացման ամենավաղ շրջանում.
«Այդ իսկ պատճառով ես միշտ ասել եմ ու կրկնում եմ` հարկավոր է դա դարձնել մշակույթ և հետազոտվել ոչ թե միայն գանգատների դեպքում, այլև պրոֆիլակտիկ»,- նշեց Խ. Հակոբյանը` գոհունակությամբ ավելացնելով, որ կենտրոնը ամեն օր սպասարկում է շուրջ 150-180 այցելուի, ինչը նշանակում է, որ այդ մշակույթը դանդաղ, բայց հայ հասարակության շրջանում ամրապնդվում է:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք քաղցկեղի աճի միտում կա հանրապետությունում, հաշվի առնելով նաև իրենց կենտրոնի կողմից բացահայտված դեպքերը, տիկին Հակոբյանը նշեց, որ ոչ թե դեպքերն են ավելացել, այլ մարդիկ են սկսել ավելի շատ դիմել բժշկի ու ըստ այդմ էլ հիվանդության բացահայտման թիվն է ավելացել:
Ի դեպ, Խ.Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ անցնող տարվա ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել է 4 տղամարդու մոտ: