20/12/2014 15:20
Մեր պարկը շատ ծանր է. Արմեն Աշոտյան
Մինչև դեկտեմբերի 25-ը Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի համատեղ ստեղծված հիմնադրամն իրավական կարգավիճակ կստանա: Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Խոսելով երիտասարդ դասախոսների խնդիրների՝ աշխատավարձերից պահումների մասին, ըստ այդմ, մինչև դեկտեմբերի 25-ը կարճ ժամանակ է մնացել, նախարարը հակադարձեց. «Երիտասարդները կհասցնեն սոցիալական պարտադիր վճարից հրաժարվելու դիմումներ գրել: Համբերեք: Ես առաջարկում եմ սպասել աշնանը, որպեսզի հաշվենք ճտերը: Այս հարցն իր հնչեղությունը կարող է ունենալ բացառապես դեկտեմբերի 25-ից հետո: Մենք հասցնելու ենք և մինչև դեկտեմբերի 25-ը կունենանք գրանցված հիմնադրամներ և դասախոսների համար կունենանք խնդրի լուծումներ, դրա համար մենք արագացրինք հիմնադրամներ ունենալու հարցը»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ այդ խնդիրը այսպես, թե այնպես նախարարության ուշադրության կենտրոնում է:
Նա ընդգծեց նաև, որ լիազորված չէ խոսել բուհերի անունից, բայց կան ջենտլմենական չգրված պայմանավորվածություններ: «Ես խոսել եմ բուհերի ռեկտորների հետ և կարծում եմ` տվյալ խնդիրը մենք հասցնելու ենք լուծել: Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք այս բուհերը դարձրինք հիմնադրամ, ոչ թե սոցիալական պարտադիր վճարի համար, այլ՝ բուհերը հիմնադրամ են դարձել դեռևս 2011 թվականից: Իսկ այդ ժամանակ պարտադիր սոցիալական վճարի մասին խոսք անգամ չկար»,- ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է նախարարը միայն խոսում ձեռքբերումներից, իսկ բացթողումներից` ոչ, նախարարը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց, որ բացթողումների վերաբերյալ այսպես, թե այնպես հարցեր հնչում են:
Ա. Աշոտյանի խոսքով` տարվա ամենամեծ բացթողումն այն էր, որ չարադարացվեցին բոլոր նրանց սպասելիքներն, ովքեր ինչ-որ ակնկալիքներ ունեին: Աշոտյանը նշեց, որ ինքը հասկանում է` ոլորտում բացթողումները շատ են, բայց այդ կոռուպցիան, անարդարություն, համակարգում աշխատող շահառուներ և նման այլ խնդիրները շտկելու համար ժամանակ է պետք: «Հասարակությունը դեռ ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչ է ուզում, և ինչ` ակնկալում»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` կրթության համակարգն ամենախոշոր գործատուներ ունեցող ու սոցիալիզացված համկարգն է: «Մի կողմից ուզում ենք ունենալ կրթական դոմինանատ, մյուս կողմից` ունենք սոցիալական բեռ: Այսօր ունենք բազմաթիվ հավելայալ աշխատողներ, որի կարիքն իրականում չունենք, սակայն այդ բեռը միայն նախարարությունն է կրում: 10 հազարից ավելի դասախոս, նույնքան մանկավարժ, այսօր աշխատում են տարբեր կրթական հաստատություններում, որի պատասխանատվությունը միայն նախարարությունն է կրում, իսկ մեզ ասում եք բարձրացեք վեր: Մեր պարկը շատ ծանր է»,- շեշտեց Ա. Աշոտյանը: