23/12/2014 20:24
Երևանը պետք է լինի հարմարավետ բոլորի համար. Հաստատվել է Երևանի ավագանու 2015թ-ի բյուջեն
Երևանի ավագանին այսօր գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այնուհետ գումարված Երևանի ավագանու հերթական նիստում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել է, որ այն կազմվել է հաշվի առնելով 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայություններն ու առկա հիմնախնդիրները: Ծրագրում կարևորվում է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը:
Համաձայն «Երևան քաղաքի 2015թ. բյուջեի մասին» որոշման նախագծի` եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 71.870.838.3 հազ. դրամի չափով: Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 69.091.815.9 հազ. դրամի դիմաց՝ 2.779.022.4 հազ. դրամով կամ շուրջ 4%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտները ավելի են 2013 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներից 8.202.913.1 հազ. դրամի կամ 12.9%-ի չափով:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 20.020.911.5 հազ. դրամ՝ 2014 թվականի նախատեսված 19.433.799.1 հազ. դրամի դիմաց և ծրագրվել են 587.112.4 հազար դրամով կամ 3%-ով ավելի: Նախագծով սեփական եկամուտների նախատեսված ցուցանիշը ավել է 2013 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3.016.964.9 հազար դրամով կամ 17.7%-ով: Ձայների 40 կողմ, 1 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն:
Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել են նաև Երևանի քաղաքային համայնքում 2015թ. տեղական տուրքերի դրույքաչափերը: