23/12/2014 21:38
Խանդում է զուսպը, խանդում է ինքնավստահը
Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով:
Ծառուկյանն արդեն թեժ աշնան վերջում էր սկսել առանձին առանձին հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական ուժերի հետ: Այս հայտարարությամբ, փաստորեն, առանձին հանդիպումների ֆորմատը պաշտոնական բնույթ է ստանում: Քառյակի, իսկ հետո Եռյակի ֆորմատը, ինչպես տեսանք, իրեն չարդարացրեց ու ոչ իշխանական ուժերի համագործակցության ձևաչափը, կարծես, պետք է վերադառնար նախասկզբնական՝ ԲՀԿ-ՀԱԿ առանցքային ուժերի համագործակցության ձևաչափին:
Բայց ինչպես տեսնում ենք ՀԱԿ մամլո խոսնակի ՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած համաժողովին մասնակցելու մասին մեկնաբանությունից, ամեն ինչ այդքան պարզ չէ: Արման Մուսինյանի արձագանքում ասված է, որ իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում են երկկողմ կամ Եռյակ ձևաչափով:
ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններում սա հրապարակային արտահայտվող երկրորդ բախումն է, մինչ այս փոխադարձ հնչած հայտարարությունների հետ կապված, երբ ԲՀԿ-ն շեշտում էր, որ յուրաքանչյուրն ազատ է իր սեփական քայլերն անել, իսկ ՀԱԿ-ը կոչ էր անում գնալ վճռական գործողությունների, քանի որ ժամանակ տալ իշխանությանը նշանակում է շարժումը տանել պառակտման:
ՀԱԿ մեկնաբանությունը՝ հունվարի 20-ի համաժողովի հետ կապված, ակնհայտ քաղաքական խանդի դրսևորում լինելուց բացի, նաև անհանգստություն է պարունակում: ՀԱԿ-ը շատ լավ հասկանում է նաև, որ չնայած ԲՀԿ-ն իր ռեսուրսներով դոմինանտ է, ու շատ հարցերում զիջել են ԲՀԿ-ին, ամեն դեպքում նման ֆորմատով քննարկումները ՀԱԿ-ին զրկում են ինքնուրույնությունից: Ստացվում է, որ բազմաթիվ ուժերի հետ միասին ՀԱԿ-ը կանգնում է նույն շարքում: Իսկ ՀԱԿ-ին՝ հատկապես երկար տարիներ ընդդիմադիր տրամադրություններն իր ձեռք պահելուց ու փողոցային դիմադրության քվոտան ունենալուց հետո, դժվար կլինի համակերպվել այդ փաստի հետ:
ԲՀԿ-ն ԱԱԾ ղեկավարի հայտնի հայտարարությունից հետո արձագանքել էր, թե այդ հայտարարության մեջ իրեն չի տեսնում, դրանով վերահաստատելով, որ իրենք, ամեն դեպքում, ռադիկալ գործողությունների չեն գնալու: Ամենայն հավանականությամբ ՀԱԿ մտավախությունները կայացել են ինչ-որ չափով, ու իշխանության ու ԲՀԿ-ի միջև հաջողվել է ձևավորել որոշակի կոմպրոմիս: Այդ կոմպրոմիսի ձևավորման բնական հիմքեր կային ի սկզբանե, անկախ կոնկրետ քաղաքական իրավիիճակից: Ու դատելով իշխանություն-ՀԱԿ համագործակցության անցյալի դառը փորձերից, պետք է ենթադրել, որ եթե ԲՀԿ-իշխանություն կոմպրոմիս կայանա, իշխանության պահանջներից մեկը պետք է լինի հրաժարվել ՀԱԿ-ից ու ՀԱԿ որդեգրած հռետորաբանությունից: ԲՀԿ-ն ՀԱԿ-ից չի հրաժարվում, բայց սեփական քաղաքականության գերակա ուղղություն է հռչակում բոլորովին այլ ֆորմատ, այդ նոր ֆորմատը գերադասելով ՀԱԿ հետ երկկողմանի համագործակցությունից:
Ինչ վերաբերում է բուն համաժողովին. քաղաքացիական ակտիվություններին հետևած ցանկացած ոգ շատ լավ գիտի, որ Հայաստանի ակտիվ քաղաքացիական շրջանակները դժվար մասնակցեն այդ համաժողովին ու, երբ խոսվում է քաղաքացիական հասարակության մասին, խոսքը սեփական «քաղաքացիականների» մասին է: Նույնը վերաբերում է արդեն սեփական «ԵԿՄ»-ին՝ որպես ազտամարտիկների անկախ շարժում ստեղծվող ֆորմալ կազմակերպություններ ԲՀԿ-ական ազատամարտիկների կողմից: Ու հրավիրելով նաև ՀԱԿ-ին մասնակցելու, ԲՀԿ-ն երևի սեփական քաղաքացիականների ու սեփական «ԵԿՄ»-ի կողքին կցանկանար տեսնել նաև սեփական ընդդիմությանը:
Ամեն դեպքում ՀԱԿ զգուշավորությունը հուշում է, որ այն դեռևս չի շտապում առճակատվել ԲՀԿ հետ ու որ դեռևս հույսեր ունի համագործակցության երկկողմ ֆորմատի: Ինչքանով այդ հույսերը կարդարանան, դժվար է ասել: ՀԱԿ-ն այլևս չունի այն ռեսուրսները, որ ուներ առաջ ու ըստ էության առանց ԲՀԿ հավակնում է վերջնականապես մարգինալ դառնալ: ԲՀԿ հետ համագործակցելով ՀԱԿ-ը մեծ գին վճարեց ( կորցրեց այն հիմքը, որի վրա ձևավորվել էր ՝ 2008-ի համաժողովրդական շարժումն ու դրանից մնացած ընդդիմադիր տրամադրությունները հասարակության շրջանում), ըստ էության վերածվելով սովորական բյուրոկրատական, կուսակցական կառույցի, առանց համապատասխան տնտեսական, քանակական ռեսուրսների: ԲՀԿ-ն, ըստ ՀԱԿ-ի, հենց այդ ռեսուրսն էր, որ 2008-ից մնացած հռետորաբանությանը պիտի միս ու արյուն տար: Բայց, ինչպես տեսնում ենք, բուրժուադեմոկրատական հեղափոխություն, համաժողովրդական շարժում և այլ քաղաքագիտական ձևակերպումները չեն ստեղծում իրականություն, այլ հարմարվում են իրականությանը: Արդյունքում, ինչպես ընդունված է քաղաքական կյանքում, ավելի մեծ ռեսուրսներով ուժն է թելադրում կանոններ, ինչպես և կարելի էր կանխատեսել, հատկապես, եթե իրերը մեկնաբանվում էին «ռեալ պոլիտիկսի» խորագրով: