23/12/2014 20:45
ՀԱՊԿ-ն վերածվում է ԵՏՄ-ի անվտանգային հիմնական բաղադրիչի
Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի գագաթաժողովի ընթացքում քննարկվելու է ահաբեկչության, թմրավաճառքի, համատեղ անվտանգության մակարդակի բարձրացման և միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման հարցերը:
ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողովը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բավականին բարդ ժամանակաշրջանում, երբ Արևմուտք-Ռուսաստան հակասությունները սկսել են կրել «սառը պատերազմի» բնույթ, իսկ ուկրաինական ճգնաժամը կարծես թե շուտ չի հանգուցալուծվելու: Ռուսաստանը 2013թ.-ին ընդունված իր Արտաքին քաղաքական նոր ռազմավարությունում շեշտը դնում է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները ակտիվացնելու և ՀԱՊԿ-ի դերն ու նշանակությունը բարձրացնելու վրա:
Տնտեսական ինտեգրացիայի համար Մոսկվան օգտագործում է ԵՏՄ-ի ձևաչափը, իսկ քաղաքական ինտեգրացիայի համար ԱՊՀ-ի հարթակը: Ինչ վերաբերվում է ռազմական և անվտանգային բաղադրիչին, ապա ՀԱՊԿ աստիճանաբար վերածվում է հետխորհրդային տարածքում և շուտով նաև ԵՏՄ-ի անդամ-երկրների անվտանգությունն ապահովող գործոնի և ՀԱՊԿ-ի մոսկովյան գագաթաժողովը այդ առումով ունի կարևոր նշանակություն: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունը:
Կազմակերպությանն անդամակցում են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը: Վերոնշյալ երկրներից Տաջիկստանը դեռևս չի անդամակցում ԵՏՄ-ին, իսկ Ղրղզստանը անդամակցության հայտ է ներկայացրել և մշակում է «ճանապարհային քարտեզը»:
ՀԱՊԿ-ի անդամ երկրները շարունակում են ուժեղացնել համատեղ պաշտպանական ներուժը և ցանկանում են ստեղծել միասնական ՀՕՊ համակարգ: Ռուսաստանի ԳՇ պետ Վալերի Գերասիմովի խոսքով, այս պահին միասնական ՀՕՊ համակարգ է գործում Ռուսաստանի և Բելառուսի միջև, իսկ հետագայում միասնական ՀՕՊ-ի անդամ է դառնալու Ղազախստանը, Ղրղզստանը և ՀԱՊԿ-ի այլ երկրներ: ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ կետում նշվում է, որ եթե ՀԱՊԿ-ի անդամ որևէ երկիր ենթարվի ռազմական ագրեսիայի, ապա դա կհամարվի ագրեսիա անդամ բոլոր երկրների դեմ և տվյալ երկրները ագրեսիայի ենթարկված երկրին անհապաղ անհրաժեշտ օգնությունը կտրամադրեն, այդ թվում ռազմական օգնություն:
Հայաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում մշտապես մասնակցում է համապատասխան զորավարժություններին, որտեղ հայ զինվորականները արժանանում են բարձր գնահատականներին իրենց պրոֆեսիոնալ ռազմական պատրաստվածության և օպերատիվության համար:
2009թ.-ի փետրվարի 4-ին Հայաստանի նախագահության ներքո Մոսկվայում գումարված ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանում որոշում կայացվեց` Կազմակերպության շրջանակներում օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ, որոնց նպատակը կլինի` անդամ պետությունների հանդեպ ռազմական ագրեսիայի կասեցումը, միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետ պայքարի հատուկ գործողությունների անցկացումը, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը:
Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր կազմում ընդգրկելու նպատակով անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի զինված ուժերի և հատուկ նշանակության ուժերի կազմից հատկացվել են զինվորական միավորումներ և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներ:
Հայ-ռուսական երկկողմ ֆորմատով ստորագրված համաձայնագրերով, Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանի տարածքում է գտնվելու առնվազն մինչև 2044թ.-ը, բացի այդ, Ռուսաստանը պարտավորվում է ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովել Հայաստանի անվտանգությունը:
Չմոռանանք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ «Էրեբունի» օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։ Պլանով նախատեսված բոլոր ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։
Ուղղաթիռների նոր էսկադրիլիան ծրագրված է կիրառել մեծ թվով գործողությունների իրականացման, այդ թվում՝ զորքերի ավիացիոն աջակցման, ռուսաստանցի զինծառայողների տեղափոխության համար։