23/12/2014 21:09
Նարեկ Սարգսյանը զարմանում է` ինչո՞ւ են իրեն մահացու մեղքերի մեջ մեղադրում. Ախր ես Ավարայրի ճակատամարտին չեմ մասնակցել
Այսօր տեղի ունեցավ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ամփոփիչ ասուլիսը: Քաղաքաշինության նախարարը նախ հայտնեց, որ անկախ ամեն ինչից, ինքը միշտ եղել է քաղաքաշինության մեջ, տեղյակ է խնդիրներին:
Նշենք, որ 2014թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարար, իսկ մինչ այդ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետների միության փոխնախագահ և այլն: Բայց Երևանի համար կարևորագույն, հատկապես 19-րդ դարի 80-90-ականներիn կառուցված հուշարձան-շենքերի քանդմանը մասնակցի չի եղել:
Երկար ճարտարապետական կենսագրություն ունեցող Նարեկ Սարգսյանի գլխավոր ձեռքբերումը Հյուսիսային պողոտան է, թեև վերջինս անընդհատ վերակառուցվում է, կառուցվում-ավարտվում է, վերանագորվում է, չնայած, որ ընդամենը 10 տարվա կենսագրություն ունի:
Թեև ըստ ներկայիս քաղաքաշինության նախարարի՝ իր հիմնական ձեռբքերումը` Հյուսիսային պողոտան, «չունի թերություններ», սակայն նախարարը նշեց, որ նախատեսել են կանաչապատում իրականացնել միայն սալահատակված պողոտայում. հոգ չէ, աշխարհի շատ ճանապարհներ «առանց կանաչապատման են»:
Մայաքաղաքի քաղաքաշինության ցավոտ խնդիրներում «ողջ կյանքը ճարտարապետության մեջ անցկացրած» Նարեկ Սարգսյանը որևէ մեղք չունի, զարմանում է, թե ինչո՞ւ են իրեն կոչում «Երևանի թիվ մեկ թշնամի»:
Քաղաքաշինության նախարարի ամփոփիչ ասուլիսի մաս էր կազմում նախարարին ուղղված քաղաքաշինական, նաև այլ «բոլոր մահացու մեղքերի» մասին հարցերին փիլիսոփայորեն պատասխանելը:
Երևանի քաղաքաշինության աղճատման վերաբերյալն նախարարը նշեց, որ միշտ էլ մեծ պրոեկտներից դժգոհություններ լինում են, հին շենքերը քանդվում են, նորերն են կառուցվում, ժամանակն է գնահատակններ տալիս և այլն:
Aysor.am-ի դիտարկմանը, թե մոտ 2 800-ամյա մայրաքաղաքի ուրարտական ճարտարապետության տարրերն անցել են հռոմեական ճարտարապետությանը, անգամ գոթական ճարտարապետության տարրերի արմատներ են գտնում՝ սերված հայկական ճարտարապետությունից, կարո՞ղ եք 2800-ամյա Երևանում օտարերկրյա զբոսաշրջիկին ցույց տալ թեկուզ 100-ամյա որևէ շենք, նախարարը չկարողացավ մտաբերել գեթ մեկ հայկական ճարտարապետական նմուշ, որը հարյուր տարեկան լիներ, փոխարենը լրագրողներին համոզեց վերջնականապես, որ ինքը ո՛չ մասնակցել է Ավարայրի ճակատարմատին, ո՛չ Սարդարապարտին` ըստ փաստթղթերի. համոզվեցինք:
«Հարյուր տարվա շե՞նք, դա թյուրիմացություն է»,- ասաց ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ պետք չէ հայոց պատմության էջերում միշտ հերոսական էջեր փնտրել:
Երևանի մայրաքաղաքի հնությամբ հպարտացողներին հիշեցրեց, որ 19-րդ դարում Երևան գավառական քաղաք էր` փոշոտ այգիներով, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսից արդեն սկսվում է քիչ թե շատ քաղաքային շենքերի կենսագրությունը. շենքեր, որոնց մի մասը քանդվել է 1924 թ-ին, մնացածը 2000-ականներին:
«Ինչ կա` կա»,- ամփոփեց նախարարը:
Նա Արամի, Բյուզանդի փողոցի քանդված հուշարձան շենքերի համար կոչ արեց իրեն չմեղադրել, թեև միշտ եղել է ճարտարապետության մեջ, սակայն երբ քանդում էին հուշարձան շենքերը, «Ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ չի եղել»:
Իսկ թե օտարեկրյա զբոսաշրջիկին ինչպես կարող ենք համոզել, որ 2800-ամյա մայրաքաղաք ունենք, Նարեկ Սարգսյանի հույսը Լևոն Վարդանյանն է, ով վաղը արտերկրից կվերադառնա և կներկայացնի, թե «Հին էրիվանի» արդեն ներդրումային ծրագիրը հաջողե՞լ է, թե ոչ: