23/12/2014 19:23
«Նվիրիր հույս» բարեգործական երկրորդ համերգի ողջ հասույթը փոխանցվել է հաշմանդամ զինվորին
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և երիտասարդաց միության անդամները այցելեցին առաջին կարգի հաշմանդամ Գևորգ Եղիազարյանին: Այս մասին հայտնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Վերջինս երեք տարի առաջ ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում թշնամու կողմից ստացած հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Այցելության նպատակը «Նվիրիր հույս» բարեգործական երկրորդ համերգից ստացված ողջ հասույթը Գևորգ Եղիազարյանին փոխանցելն էր:
Այդ համերգը դեկտեմբերի 19-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:
«Դու միայնակ չես, բոլորս աղոթում ենք քեզ համար՝ հոգով և սրտով քեզ հետ լինելով: Քո առողջությունը խաթարվել է հայրենիքի ծառայության սուրբ գործի ճանապարհին: Հուսանք, որ Տերը կզորացնի, կդարմանի քո ցավերը՝ լիարժեք կյանքի վերադարձնելով»,- ասել է Նավասարդ սրբազանը հաշմանդամ զինվորին: Սրբազան հայրը Քրիստոսի հետ կենդանի հաղորդակցություն ունենալու համար Գևորգին նվիրել է Նոր Կտակարան:
Գևորգ Եղիազարյանի ծնողներն իրենց երախտագիտությունն են հայտնել Սրբազան Հորը: Մեծ ուրախությամբ նշել են, որ արդեն չորս ամիս է, ինչ ձեռք են բերել նոր բարեկամներ և ընկերներ, հանձինս՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, համայնքի և երիտասարդաց միության անդամների: Գևորգը ներառված էր թեմի կողմից նախաձեռնած «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում: