23/12/2014 20:12
Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական բաժնից:
Նախագծի շրջանակում Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ: Շնորհանդեսը կայացավ գյուղի նախակրթարանում, որն ունի 2 սենյակ և սպասարկում է 16 երեխայի: Միջոցառման հյուրերն էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Պարույր Սևակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
«Հին ժամանակներում իմաստուններն ասում էին, որ Երկրագունդը պետք է սիրել և պահպանել, քանի որ այն ոչ թե ժառանգել ենք մեր ծնողներից, այլ պարտք ենք վերցրել մեր երեխաներից: Բնությունն անչափ հարուստ է ռեսուրսներով, բայց մենք պետք է խնայողաբար օգտագործենք դրանք՝ հնարավորության դեպքում ընտրելով պակաս վնասակար կամ լիովին անվնաս տարբերակներ:
Արդեն ամբողջ աշխարհն է գիտակցում էկոլոգիական աղետների պատճառներն ու դրանց հետևանքների լրջությունը, և բազմաթիվ երկրներ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում շրջակա միջավայրի հանդեպ` օգտվելով այլընտրանքային էներգիայի աղբյուրներից:
Սա ոչ թե առանձին երկրների, այլ ամբողջ մարդկության պայքարը պետք է լինի, և միանալով դրան՝ մեկ անգամ ևս հավաստում ենք մեր քաղաքակիրթ և գիտակից մոտեցումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 2 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 60 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են:
Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 300 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով: Բացի այդ, նախակրթարանում տեղադրվել է ջեռուցման էլեկտրական կաթսա՝ 15KW հզորությամբ և ջեռուցման ընդհանուր համակարգ՝ 8 հատ ջեռուցման մարտկոցով:
Նախակրթարանում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ծրագրի շնորհիվ սպասվում է նաև նախակրթարան հաճախող երեխաների քանակի աճ:
Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել է տարբեր հարակից համայնքներից, ինչպես նաև Ադրբեջանից:
«Այլընրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն):
Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը: