23/12/2014 20:18
ԱՆ. 11 ՔԿՀ-ում պահվում է 2784 դատապարտյալ և 1151 կալանավոր
ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է 2014 թ. իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
2014 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է 11 քրեակատարողական հիմնարկ: 2014 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության 11 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2784 դատապարտյալ և 1151 կալանավորված անձ: Հայաստանում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկները կառուցվել են խորհրդային տարիներին և շատերի շենքային պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Քրեակատարողական հիմնարկների խնդիրներից է գերբեռնվածությունը: Խնդիրը լուծելու նպատակով այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Խցերի մակերեսը, առանց սանհանգույցի մակերեսի, կազմում է 16-17 քառ. մետր: Յուրաքանչյուր խուց կահավորված է սանհանգույց/լոգասենյակով:Երկրորդ փուլում՝ (մինչև 2015 թվականի ավարտը) շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած բնակելի հատվածը:
Ռեժիմային տարածքն առանձնացված է 6 մետր բարձրությամբ, 760 մետր երկարությամբ քողարկող պատով: Տեղադրված է նաև 5 մետր բարձրությամբ, 700 մետր երկարությամբ «ԵԳՈԶԱ» տիպի հակափախուստային գալարաձև արգելք, որը պահպանության գիծ է հանդիսանում:
Տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության և հակահրդեհային ահազանգման համակարգերով, շուրջ 150 շարժական և անշարժ տեսադիտարկման սարքավորումներով, 4 դիտաշտարակով: Ողջ պարագծով տեղադրված է հոսանքա¬հա-րող (էլեկտրաշոկ) անվտանգության համակարգ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ գերբեռնված հիմնարկներից 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Հիմնարկի 2-3 մասնաշենքերի շահագործման հանձնելու դեպքում 2015 թվականի վերջին հնարավորություն կստեղծվի լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ Արմավիր տեղափոխելով 1200 դատապարտյալ:
Մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին» հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Պրոբացիայի հիմքում ընկած է վերասոցիալականացման գաղափարախոսությունը, մասնավորապես՝ անձին պահել ազատության և հասարակության մեջ: Պրոբացիայի ծառայությունը կնպաստի քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը. այսպես՝ 586 դատապարտյալ պոտենցիալ հնարավորություն ունի լինել Ծառայության էլեկտրոնային վերահսկողության տակ: Իսկ այս թվին, եթե գումարվեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման և պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձինք, «հոսքը» դեպի պրոբացիայի ծառայություն կկրկնապատկվի:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ը 2014 թվականին իրականացրել է 720 քրեակատարողական, 60 ԴԱՀԿ և 303 քաղաքացիական ծառայողների վերապատրաստում, 4 նոտարի թեկնածուների ուսուցում, 68 նոտարի «Նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների, իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների» ուսուցում:
Իրականացրել է 1990 քրեակատարողական և 260 ԴԱՀԿ ծառայողների, 258 դատական կարգադրիչների և 83 դատախազների հատուկ ուսուցում: Ինստիտուտը տպագրել է «Արդարադատություն» գիտական հանդեսի չորս համար, իսկ Իրավաբանական քոլեջը 2014 թվականին ունեցել է 11 շրջանավարտ:
Հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից թիվ Rec(2003) 22 հանձնարարականը և միջազգային լավագույն փորձը՝ մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որոնք ուղարկվել են շահագրգիռ մարմիններին՝ կարծիք ստանալու նպատակով:
ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է բանակացությունները Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումներում նյութատեխնիկական բարելավումներ իրականացնելու համար: Մշակվել են նաև բժշկական սպասարկման ստորաբաժանումների գործունությունը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
ՀՀ արդարադատության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ առողջապահության նախարարությունների հետ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը օրդինատուրայի նպատակների տեղեր հատկացնելու համար: