26/12/2014 18:37
Վրաստանի փոխվարչապետ. Վրաստանը կանի ամենը, որ նույն մակարդակի վրա պահի Հայաստանի հետ առևտրի ներկայիս ռեժիմը
Վրաստանը կանի ամենը, որպեսզի պահի նույն մակարդակի վրա Հայաստանի հետ առևտրի և բեռների տրանզիտի ներկայիս ռեժիմը: Այս մասին, հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլուն, գրում է «Գռուզիա օնլայնը»:
Պաշտոնյայի խոսքով` Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, ինչպես նաև Վրաստանի մերձեցումը Եվրամիության հետ, գործընթացներ են, որ անցումային մի քանի տարիներ են ենթադրում և այդ ժամանակահատվածում էլ հնարավոր կլինի պայմանավորվել նոր ռեժիմների մասին: Իսկ մինչ այդ գործող կարգը կմնա ուժի մեջ:
«Մենք ամեն կերպ կաշխատենք, որպեսզի մեր երկու երկրները մնան ներկայիս ռեժիմի մակարդակում»,- մասնավորապես ասել է Վրաստանի փոխվարչապետը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև այսօր գործում է ազատ առևտրի ռեժիմը: