13/01/2015 16:28
Ս. Օհանյան. Տեղին չէ քաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցածը
Ցավում եմ այս դեպքի կապակցությամբ և ցավակցությունս եմ հայտնում սպանվածների հարազատներին, բարեկամներին ու ողջ Գյումրիի հասարակությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությանն, ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Դեպքից հետո Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարը, նրա տեղակալը ինձ հետ հեռախոսազրույց են ունեցել և ասել են, որ անչափ կարևորում են տեղի ունեցածի վերաբերյալ հետևողական և իրավական աշխատանքները: ՌԴ ՊՆ առաջին տեղակալ Բախինն էլ ժամանել է այստեղ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ կասկածյալը ձերբակալված է և քննությունն ամեն բան կբացահայտի:
«Որպես անձնավորություն՝ ուզում եմ ասել, որ քրգործի ընթացքում ամեն բան կբացահայտվի: Հետևողական կերպով ամեն բան կարվի և մեղավորները կամ մեղավորը կպատժվի՝ դա հաստատ է: Գտնում եմ, որ այսօր տեղին չէ սա քաղաքականացնել և տեղին չէ սրա մեջ փնտրել մեր հարաբերությունների ինչ-որ վատթարացում, որովհետև ՌԴ-ի հետ մենք բավականին բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունենք և չափազանց բարձր մակարդակի է վրա է մեր ռազմական համագործակցությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ քանի դեռ չի կատարվել գործի մանրամասն քննություն, ճիշտ չի լինի արտահայտել որևէ տեսակետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրի Մյասնիկյան 188 հասցեում դաժանորեն սպանվել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներն, այդ թվում՝ 2 տարեկան երեխա: Ընտանիքի մյուս երեխային՝ 6 ամսական Սերյոժա Ավետիյսանին հաջողվել է փրկել: Սպանության գլխավոր կասկածյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից փախած ժամկետային զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովն է:
Նախօրեին ուշ երեկոյան հայ-թուրքական սահմանի մոտ հաջողվել է ձերբակալել Պերմյակովին: Հարցաքննության ընթացքում նա ընդունել է իր մեղքը: