14/01/2015 12:26
Պայքար online բուքմեյքերականների դեմ. Հայաստանը աշխարհի 247 երկրների շարքում զբաղեցնում է պատվավոր 42-րդ տեղը
Օրերս ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ցանկություն ունի մշակել ու ներկայացնել օրենքի մի նախագիծ, որով Հայաստանում օրենսդրորեն կարգելվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, նաև դրանց ինտերնետային տարբերակները: Ավելին, քան այսքանը, այսինքն զուտ ցանկությոան մասին պատգամավորը չասաց նաև Aysor.am-ին` նշելով, որ դեռ գործընկերների հետ խորհրդակցելու ու մասնագիտական քննարկումների փուլ կա անցնելու, որից հետո էլ ամենը պարզ կլինի:
Նախքան բուն բուքմեյքերական գրասենյակների գործունեությանն անցնելը հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրությանը պահանջվեց մի քանի տարի, որպեսզի մայրաքաղաք Երևանում սնկի պես բուսնող խաղատներն ու նմանատիպ հաստատությունները դուրս բերի քաղաքից, ապա դրանք տեղակայի մերձավանում, և բոլորովին վերջերս միայն առհասարակ հեռացնի բնակավայրից: Ըստ իս` հարկավոր է նաև արգելել խաղատների գովազդը, քանզի օրը մի քանի անգամ ռադիոյով լսել, թե ինչքան մեծ շահումներ են սպասվում Ծաղկաձորում կամ Սևանում տեղակայված խաղատներում, ճիշտ մոտեցում չէ. եթե մենք դուրս ենք բերում բնակավայրերից խաղատները, ապա պետք է նույն հաջողությամբ դրանց գոյության մասին հիշեցումները ևս դուրս բերենք` առանց այդ էլ գրգռված հետաքրքրությունն էլ ավելի չգրգռելու համար:
Ինչ վերաբերում է Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերություններին, համաձայն top100bookmakers կայքի, Հայաստանում ամենից շատ ճանաչում ունեն թվով տասը բուքմեյքերական ընկերություններ, որոնց շարքում առաջատարը «VIVARO BETING»-ն է. նրան բաժին է հասնում շուկայի 35.5 տոկոսը` ըստ ռեյտինգի: Երկրորդ տեղում է «Bet365»-ը` 7.5 տոկոսով, «Totobet»-ը` 5-րդ տեղում իր 5.6 տոկոսով:
Իսկ հիմա, ինչպես ասում են, «տա-դա-դա-դա՜մ». online տիրույթում խաղադրույք կատարողների թվով Հայաստանը աշխարհի 247 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը` խաղադրույքների շուկայի 0.6%-ը մերն է: Անշուշտ կարելի է վստահորեն ավելացնել` պատվավոր 42-րդ տեղում ենք, քանզի եթե հաշվի առնենք ՀՀ չափահաս բնակչության քանակը, ինչը պարտադիր է online գրանցվելու և խաղադրույքներ կատարելու համար, ապա ստացվում է, որ չափահաս քաղաքացիների մեծամասնությունը սիրում է այդ գործը` համակարգչի առաջ նստել ու խաղադրույք կատարել: Ու ամենևին էլ պարտադիր չէ այցելել բուքմեյքերական գրասենյակ:
«VIVARO BETING» բուքմեյքերական ընկերությունը Հայաստանում իր գործունեությունն իրականացնում է Ֆինանսների նախարարության կողմից տրված լիցենզիայի հիման վրա: Մեր շուկայում է ու քաղաքացիների գրպանն է մտնում արդեն 11 տարի` 2004 թ-ի հունվարից: Ներկայումս այս ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանում, որտեղ գործում են այլ բուքմեյքերական ընկերություններ ևս: Ըստ ընկերության կայքում առկա տեղեկատվության` ընկերությունը միայն Երևանում ունի 67 գրասենյակ, որտեղ հնարավոր է խաղադրույք կատարել ու հետևել խաղին, ինչպես նաև 34 գրասենյակ Հայաստանի տարբեր բնակավայրերում: Բացի այս, գործում է նաև ինտերնետային տարբերակը, որը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում խաղալ ցանկացողներին` լիցքավորել հաշիվը, հետո, եթե հաջողությունը ժպտա, զանգահարել ու շահումը ցանկացած հասցեով ընկերության աշխատակիցները կառաքեն:
Մի խոսքով բիզնեսի այս տեսակը, ինչպես տեսնում ենք, լավ առաջխաղացում ունի մեր երկրում, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս է խոսվել: Զորօրինակ հիշենք 2014թ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ավարտին ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը, որում նա Հանրային հեռուստաընկերությանը մեղադրեց խաղամոլությունը հանրայինով քարոզելու և «մի ամբողջ ազգ ղումարի մեջ մտցնելու» համար: Եվ ահա հիմա Սամվել Ֆարմանյանի առաջարկը` քննարկել ու հնարավորության դեպքում արգելել դրանց գործունեությունը….
Վերջում մնում է ավելացնենք, որ Արցախում, օրինակ, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը վաղուց արգելված է: