22/01/2015 19:34
«Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հայության առջև ծառացած քաղաքական կարևորագույն խնդիր է»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Արցախի նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչումն ու դատապարտումը հայության առջև ծառացած քաղաքական, իրավական և բարոյական նշանակություն ունեցող կարևորագույն խնդիրներից մեկն է:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցառումներ անցկացնել ողջ տարվա ընթացքում:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: