23/01/2015 13:16
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ Արցախի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը և 2015 թվականի մեր կարևորագույն անելիքներին ու աշխատանքներին:
Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Բ. Սահակյանը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար: Բ. Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երևույթների և աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների և սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում:
Բակո Սահակյանը բոլոր հաջողությունների հիմքը համարել է մեր ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև չլուծված խնդիրներին և անելիքներին: Նա ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ և երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:
Բ. Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից և նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: