24/01/2015 15:00
Վ. Շիրխանյան. Ադրբեջանի քայլերը ուղղորդվում են Թուրքիայի կողմից
ՀԱՊԿ-ն Հայաստանի սահմաններն ապահովագրելու պատասխանատուն է, ոչ թե Ղարաբաղի: Այսօր լրագրողների հետհանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ռազմատեխնիկական, ռազմաուսումնական հսկայական օգնություն է ցույց տալիս հայկական բանակին: «Ռուսաստանը քննադատում է Ադրբեջանի գործողությունները և ընդգծում, որ կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես քաղաքական ճանապարհով»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքականությունն ունի իր կանոնները, և փոքր պետությունները գերտերություններին չեն կարող թելադրել իրենց կանոնները:
«Ռուս սահմանապահներն իրենց վրա դրված պարտականությունը կատարում են և հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են` համաձայն նախօրոք հաստատված պայմանագրերի»,- ասաց նա:
Նախկին փոխնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, և Ադրբեջանին սանձելու համար Հայաստանը ոչ թե պետք է դիմի ՀԱՊԿ-ին, այլ` ԵԱՀԿ-ին, որին Հայաստանն արդեն դիմել է:
«Բոլոր դեպքերը մանրամասն կուսումնասիրվեն: Բացի դա՝ Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն՝ պահելու իր անվտանգությունը, և մենք գիտենք, որ պատերազմն ավարտված չէ: Քանի դեռ վերջնական քաղաքական համաձայնագիր կնքված չէ, ուստի այս լարվածությունը շարունակվելու է»,- ասաց նա՝ նկատելով, որ Ադրբեջանին էլ իր հերթին հրարում է Թուրքիան, որի հետ Հայաստանն ունի դեռևս չլուծված խնդիր:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեծ գլխացավանք է Թուրքիայի համար, և նա փորձում է միջազգային հանրության ուշադրությունը այդ փաստից ամեն կերպ շեղել: Քաղաքական հստակ նպատակ ունի նաև Ադրբեջանը, որի քայլերը ևս թելադրվում են Թուրքիայի կողմից»,- ամփոփեց իր միտքը Վ. Շիրխանյանը: