26/01/2015 13:26
Թուրքագետ. Հայկական կողմի պահանջը հատկապես իրավական տեսանկյունից պետք է հստակ ներկայացնել
Էրդողանի՝ 2015 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձի կապակացությամբ Թուրքիայում սոցհարցում է անցկացվել, որը շատ հետաքրքիր արդյունքներ է գրանցել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Թուրքիայում հասարակության լայն շրջանում սոցհարցում է իրականացվել, որի ժամանակ հետաքրքրվել են, թե ինչպիսին պետք է լինի Թուրքիայի նախագահի 2015 թվականի ապրիլի 23-ի ուղերձը՝ ավելի խի՞ստ, թե՞ մեղայականով: Եվ ի զարմանս մեզ՝ հարցվողների 4-8 տոկոսը պահանջել է, որ պաշտոնական Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ մնացածը պատասխանել է, որ Էրդողանը պետք է ցավ հայտնի զոհված հայերի ու թուրքերի և Օսմանյան կայսրության այլ բնակիչների հիշատակին՝ առանց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու և թիրախավորված ներողության»,- մանրամասնեց թուրքագետը՝ հավելելով, որ հարցվողների մեջ եղել են նաև ազգությամբ քրդեր, ինչպես նաև ծայրահեղ ազգայնականներ:
Ըստ թուրքագետի ՝ ուշագրավն այստեղ այն է, որ առաջիկայում՝ 2015 թվականի հունիսին-7ին, Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն են սպասվում, որին տեղական իշխանությունները լրջագույնս են պատրաստվում, հետևաբար Էրդողանն անելու է ամեն ինչ, որպեսզի ստանա ձայների մեծամնասնությունը:
«Դրանից է կախված նրա քաղաքական ապագան, որին մեղադրում են պետական մակարդակի կաշառակերության մեջ: Սա նաև իր անվտանգության խնդիրն է»,- ասաց նա:
2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիայում հսկայական աշխատանքներ են իրականացվում, շարունակեց խոսքը նա, մինչդեռ ցավոք, այս ուղղությամբ Հայաստանում այդ աշխատանքները դեռևս չեն երևում: Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները հասարակության հետ աշխատում են թուրքական և ադրբեջանական մամուլի սեփական լծակներն օգտագորրծելով, որոնց հակահայկական քարոզչամեքենան հսկայական աշխատանք է իրականացնում և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում:
«Այս օրերին Թուրքիայում թեև զբաղված են հունիսյան ընտրություններով և մինչև սեպտեմբեր տեղեկատվական ոլորտում զանգվածային հարձակումներ չեն սպասվում, բայց թուրքական իշխանությունները հակված չեն ձեռքները ծալած նստելուն: Այս ընթացքում կլինեն բազմիաթիվ ուղերձներ ու հայտարարություններ, որոնք կփորձեն թուլացնել հայկական կողմից իրականացվող աշխատանքը: Նրանք արդեն կասկած են գցում հասարակության մեջ՝ առաջ տանելով այն վարկածը, որ գուցե հայերն են մեղավոր: Այս առումով հայկական կողմը թեև որակական փոփոխություններ չի գրանցել, բայց պետք է շատ ճկուն աշխատի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է կարողանա իր հակաքայլերն այնպես ձևակերպել, որպեսզի կարողանա իր պահանջը հստակ ներկայացնել հատկապես իրավական տեսանկյունից:
«Թուրքիան կարծում է, որ հիմա խնդիր չունի Հայաստանի հետ. 2 մլն հայ, փոքր տնտեսություն…. Բայց դա այդպես չէ: Նա մտածում է, որ անհանգստանալու խնդիր չունի, ուստի Հայաստանը հարյուր ամյակը կնշի, հարցը կփակվի, կանցնի ու կգնա: Բայց ես գտնում եմ, որ մեր իրավաբանները պետք է շատ աշխատեն այս ուղղությամբ: Հայաստանը պետք հստակ պահանջ ձևակերպի: Ես լիահույս եմ, որ մենք միայն 2015 թվականի ապրիլի 24-ի վրա չենք կենտրոնանա: Այս գաղափարը թեև էքսպերտային հասարակության մեջ աշխատում է, բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Այս տարի նախատեսվում են նշել նաև այլ հարյուրամյակներ ևս: Օրինակ մայիսի 3-ի, որը Վանի հերոսամարտի հաղթական ավարտի օրն է»,- ասաց նա:
Թուրքագետը նկատեց նաև, որ Հայաստանում շատ են խոսում զոհի կերպարի ստեղծման մասին, սակայն այսպիսի հերոսամարտերի հարյուրամյակներ նշելով՝ կստեղծվի նաև չկոտրվող հայի կերպարը, որն իր մեջ կպարունակի մեր հաղթական գաղափարների կորիզը:
«Այո, Խորհրդային ժամանակներում Մոսկվային ձեռնտու էր ստեղծել կոտրվող հայի կերպարը և Մոսկվայի թողտվությամբ ու թույլտվությամբ հայ հասարակությանն ուղղորդել են դեպի առանց դիմադրության պայքարը: Արխիվներն ուսումնասիրելու ժամանակ, մենք տեսանք, որ հզոր դիմադրություններ ևս եղել են: Փաստերը ցույց են տալիս, որ հայկական գյուղերի մեծ մասն այդ օրերին 2-3 ժամ, և ավելի պայքարել է: Այսինքն՝ 100 ամյա տարելիցին հոգեբանական անցումից և ճանաչումից, անցում է լինելու նաև պահանջատիրության: Զոհի կերպարից հայը կդառնա դիմադրող կերպար»,- եզրափակեց նա: