29/01/2015 16:54
Նախագահ. Փերինչեքի գործը ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին չէ
Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը: Այս մասին այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց.
«Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է»,- հայտարարել է նախագահը` հավելելով, որ այդուհանդերձ չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին.
«Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին»: