29/01/2015 12:10
Է. Շարմազանով. Համանախագահների հայտարարությունն աննախադեպ էր. առաջին անգամ Բաքվին ցույց տվեցին իր տեղը
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունն աննախադեպ էր այն իմաստով, որ առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության կողմերից կոնկրետ մեկին ուղղված հասցեական հորդոր ու նույնիսկ պահանջ հնչեց»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` համանախագահները իրենց այս հայտարարությամբ առաջին անգամ Բաքվին ցույց տվեցին իր տեղը:
«Հունվարին Ադրբեջանը պարտություն կրեց ինչպես ռազմի դաշտում` իր իսկ հրահրած ռազմական սադրանքներում, այնպես էլ՝ դիվանագիտական հարթությունում»,- հավելեց Է.Շարմազանովը:
Հիշեցնենք, հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց հետևանքով կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի, վերականգնելու համար վստահությունը՝ ԼՂՀ խաղաղության գործընթացում աճ գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք կոչ ենք արել նաև հայկական կողմին՝ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Երկու կողմերն էլ պետք է հավատարիմ մնան հրադադարի պահպանման ռեժիմին։
Մենք նախարարի հետ քնարկել ենք հետագա հնարավոր քայլերը՝ խաղաղության կարգավորման գործընթացում, ներառյալ բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի խաղաղ և տևական հանգուցալուծման։ Այն կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների համար։ Մենք Ադրբեջանի արտգործնախարարին հիշեցրել ենք Մինսկի խմբի համանախագահների դերը խնդրի կարգավորման գործընթացում։ Շեշտել ենք այն միջոցառումների կարևորությունը, որոնց նպատակն է խուսափել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում անկանխատեսելի միջադեպերից»։