30/01/2015 16:20
Թուրք ընդդիմադիր պատգամավոր. Թուրքիան անզոր է հայկական սփյուռքի 100 ամյակի պրոպագանդայի դեմ
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ- MHP) Քոջաելիից ընտրված պատգամավոր Լյութֆու Թյուրքքանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական կառավարությունն անզոր է հայկական սփյուռքի` 100 ամյակի պրոպագանդայի դեմ:
Ինչպես հայտնում է Ermenihaber.am լրատվականը, հղում անելով թուրքական «ulusalkanal.com.tr» լրատվամիջոցին, պատգամավորը շեշտել է այն հանգամանքը, որ հայկական սփյուռքն ամենուր փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրքեր ու լուրեր է տարածում, իսկ թուրքական կառավարությունը, մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ը (ԱԶԿ- AKP), խոսքերից բացի ուրիշ ոչինչ չի անում:
Ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է Դարդանելի մարտերի 100 ամյակի կապակցությամբ երկրի արտգործնախարարության հրատարակած օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի նկարի ներառումը: Թյուրքքանի համոզմամբ` սխալ էր նաև ՀՀ նախագահին ապրիլի 24-ին կայանալիք Դարդանելի տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա հրավիրելը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի լուսանկարի ներառումը վերոնշյալ օրացույց-գրքույկում սխալմունքի հետևանք է: Այժմ կատարվում է ծառայողական քննություն` պարզելու, թե ում թույլ տվել նման անզգուշություն: