02/02/2015 15:53
Է. Շարմազանով. Անթույլատրելի է ներքաղաքական հաշվարկները տանել ու տարածել Արցախի վրա
«Իրենց ներքաղաքական խարդավանքների համար մարդիկ թող Արցախի հողը չխառնեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը:
Է.Շարմազանովը մասնավորապես նշեց, որ Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, ինքն էլ ընդդիմադիր մի շարք պատգամավորների հետ եղել է Արցախում, բայց.
«Մենք երբեք այնտեղ մեր ներքաղաքական խնդիրները չենք քննարկել և մեր ներքաղաքական տարաձայնությունները Արցախ չենք տարել»,- շեշտեց ՀՀԿ-ական փոխխոսնակը:
Անդրադառնալով քաղաքական երանգավորմանը, որ միջադեպը անմիջապես ստացավ, Է. Շարմազանովը նախևառաջ նշեց, որ կարող է «շնորհավորել» երթի մասնակիցներին, քանզի նրանք ադրբեջանական լրատվամիջոցների բերանը լեզու դրեցին, ու նաև ասաց, որ նման միջադեպերը չեն կարող չխանգարել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:
«Եթե դա էր իրենց նպատակը, եթե դա է իրենց հայրենասիրությունը, ապա ես իմ կարծիքն ունեմ այս ամենի հետ կապված. ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն անթույլատրելի է, որ իր ներքաղաքական հաշվարկները տանի ու տարածի Արցախի վրա»,- հավելեց ՀՀԿ-ական փոխխոսնակը: