05/02/2015 18:37
Բակային մորթը կարգելվի
Հայաստանում ներկայումս գործում է 24 սպանդանոց, որոնց գերակշիռ մասն ունեն փոքր (օրական մինչև 10 գլուխ տավարի և մինչև 30-ական` խոզերի կամ մանր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորությամբ) և միջին (օրական մինչև 50 գլուխ տավարի և մինչև 100 գլուխ խոզերի կամ մանր եղջերավոր կենդանիների մորթի հնարավորությամբ) արտադրական հզորություն: Դրանցից 16-ում կա սարքավորումների համալրման, արդիականացման և վերանորոգման կարիք: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին գյուղատնտեսության նախարարությունից:
Սպանդանոցներից 6-ը խորհրդային տարիների կառույցներ են, իսկ 18-ը կառուցվել են հետխորհրդային տարիներին, որոնցից 11-ը` մասնավոր ներդրումների հաշվին, իսկ 7-ը` դրամաշնորհային ծրագրերի արդյունքում:
Սպանդանոցներից 2-ը (Կոտայքի մարզի Զորավան համայնքում և Սյունիքի մարզի Սյունիք համայնքում) կառուցվել են 2012-2013 թթ. (մասնավոր ներդրումների հաշվին), համալրված են արդիական սարքավորումներով և նախատեսված են մուսուլմանական ծիսակարգով մանր եղջերավոր կենդանիների մորթ իրականացնելու համար:
Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել ևս 6 սպանդանոց: Դրանից 5-ը գրեթե պատրաստ են, և ներկայումս ընթանում են դրանց փորձնական շահագործման աշխատանքները: Նշված սպանդանոցները կառուցվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տրամադրած միջոցներով: Եվս մեկ սպանդանոց (Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում), որը կառուցվում է իրանցի գործարարների միջոցներով, կշահագործվի մինչև տարեվերջ:
Բացի այդ, նախատեսվում է առաջիկա տարիներին կառուցել ևս 5-6 սպանդանոց:
Նշենք, որ կենդանիների տեղափոխումը սպանդանոց հիմնականում իրականացվելու է սպանդանոցատիրոջ կողմից: Խմբակային (մինչև 10 գլուխ) տեղափոխման պարագայում 1 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու տեղափոխման արժեքը կկազմի 3-4 հազար դրամ, իսկ 1 գլուխ ոչխարի կամ խոզի տեղափոխումը` 1-2 հազար դրամ (կարճ տարածության դեպքում տեղափոխման ծախսերն ավելի քիչ կլինեն): Երկու դեպքում էլ այդ ծախսերը նվազեցվելու են սպանդի ենթարկվող կենդանու արժեքից:
Գյուղնախարարությունում գտնում են, որ կենդանու տեղափոխման համար գյուղացին կվճարի գրեթե այնքան գումար, ինչքան կվճարեր իր բակում տվյալ կենդանուն մորթելու համար հրավիրված մորթ անող մասնագետին:
Կենդանու մորթի համար մատուցվող սպանդանոցային ծառայության սակագները դեռևս հաշվարկված չեն:
Յուրաքանչյուր սպանդանոց, ծանրաբեռնված աշխատելու դեպքում, կարող է սպասարկել Վայոց Ձորի կամ Տավուշի մարզն ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքի, Շիրակի, Արագածոտնի և այլ խոշոր մարզերում` առանձին տարածաշրջաններ:
Հանրապետությունում սպանդանոցային ցանց ձևավորվելու դեպքում կարգելվի բակային մորթը` բացառությամբ սեփական կարիքների համար իրականացվող մորթի:
Սպանդանոցները տրամադրելու են անասնաբուժական տեղեկանքներ, որոնք գործելու են միայն ՀՀ տարածքում: Սակայն այդ տեղեկանքների հիման վրա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարող է տրամադրել համապատասխան հավաստագրեր, ինչը թույլ կտա մսեղիքը արտահանել (ԵՏՄ, ԱՊՀ անդամ երկրներ):