05/02/2015 11:11
Եղնուկյան. Ոստիկանությունը Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել 2 հոգու
Այսօր Հանրապետության հրապարակից ոստիկանություն բերման է ենթարկվել 2 անձ՝ Հիմնադիր խորհրդարանի անդամներ Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գրիգորյանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը:
«Մենք այսօր պատրաստվում էինք ժամը 13.00-ին կայանալիք ասուլիսի ընթացքում ցուցադրել նաև կոտրված ավտոմեքենաները և դրանք ուզում էինք տեղադրել տվյալ հատվածում: Ոստիկանությունը տեղյակ էր այդ մասին և մեծ թվով ավտոմեքենաներ ու խաղալիք մեքենաներ էին լցրել այդ հատվածում: Մենք էլ ավտոմեքենաները փորձեցինք կայանել Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի մոտ, կարմիր գծերի տարածքում, վճարեցինք կայանելու համար նախատեռսված գումարը, սակայն ոստիկանությունից եկան և ասացին, որ պատվիրակություն է գալու, պետք է հեռացնենք մեքենաները: Իրենց արդարացնելու համար բարձրախոսով սկսեցին հայտարարել նաև դիմացի մայթի վրա գտնվող մեքենաների համարները, որ հեռացնեն տարածքից: 3 ավտոմեքենա էվակուատուրով տարան «Փոսի գայի», հիմա մենք այստեղ ենք, չեն ասում բերելու պատճառը: Կարծում եմ՝ մինչև ժամը 13.00-ն մեզ այստեղ կպահեն, որ խափանեն ակցիան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» հունվարի 31-ին Արցախ էր մեկնել՝ ավտոերթ իրականացնելու և «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության մասին իրազեկելու, սակայն Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: