19/02/2015 14:49
Բուդաղյանները կդիմեն ՄԻԵԴ՝ չսպառելով ներպետական դատական ատյանները
Խաչատրյանները անում են ամեն ինչ, որ Նիկոլայ Բաղդասարյանի ոտքից գնդակը չհանվի, այլապես կապացուցվի, որ նրան Ավետիք Բուդաղյանը չի կրակել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով 2013-ի հունիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության գործին:
Նրա խոսքով՝ Ս. Խաչատրյանի հեռավոր ազգական Ն. Աբրահամյանը դատական նիստերին չի ներկայանում պատճառաբանությամբ, քանի որ «քայլել չի կարողանում, ոտքը չորանում է», ինչը նշանակում է, որ նրա ոտքից գնդակը չի հանվել:
«Գնդակը չեն հանում, որովհետև իրենց ասելով՝ վիրահատությունը շատ վտանգավոր է, բայց մենք խորհրդակցել ենք վիրաբույժի հետ, ով էլ ասել է, որ գնդակը հանելուց վտանգ կա, կարող է նյարդ վնասել, բայց եթե արդեն առաջացրել է հետևանքներ, ուրեմն պետք է անպայման հանել: Մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու, որ եթե գնդակը հանվի, կապացուցվի, որ կրակել է ոչ թե Ավետիք Բուդաղյանը կամ Տիգրան Խաչատրյանը, այլ երրորդ անձ է դա արել»,-ասաց նա:
Հ. Ալումյանը նաև ասաց, որ իրենք այս գործով պատրաստվում են դիմել ՄԻԵԴ՝ ներպետական ատյանները չսպառած:
«2014 թ. դեկտեմբերին մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի հարսանիքին մասնակցել են նաև նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ արդարադատության նախարարը: Հասկանալի է, որ նման պայմաններում գործը չի կարող լիարժեք քննվել: Ես գրավոր դիմել եմ Նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարություն, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ խնդրելով հերքել կամ հաստատել այդ տեղեկատվությունը և մինչ օրս որևէ պատասխան չեմ ստացել, ինչը ինձ ավելի շատ բան է տալիս, քան, եթե պատասխանեին ու հաստատեին: ՄԻԵԴ կարելի է դիմել այն ժամանակ, երբ սպառված են լինում ներպետական բոլոր ատյանները բացառությամբ այն դեպքերի, երբ ներպետական ատյաններն այս կամ այն գործով քեզ համար արդյունավետ պաշտպանության միջոց չեն: Մենք, չսպասելով որևէ դատական ակտի, պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ, իսկ մեր գանգատը կլինի ավելի շուտ, քան մեր դատարաններից որևէ մեկի որոշումը»,-ասաց նա: