23/02/2015 12:52
Արդարադատության ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական պատրաստում կստանա դատախազի 5 թեկնածու ԼՂՀ-ից
Արդարադատության ակադեմիայում 2015 թվականի ուսումնական գործընթացի մեկնարկը տրված է: Այսօրվանից սկսվել է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Այս տարի Ակադեմիայի ունկնդիրների թիվը 26 է՝ դատավորների 10 և դատախազների 16 թեկնածու: Այս մասին հայտնում են Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժնից:
Ընդ որում՝ Ակադեմիայում առաջին անգամ մասնագիտական պատրաստում են ստանում դատախազի 5 թեկնածուներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Աղբյուրը տեղեկացնում է, որ դատավորների և դատախազների թեկնածուների համար ուսումնառության տևողությունը սահմանված է մոտ 10 ամիս (2015 թվականի փետրվարի 23-ից դեկտեմբերի 11-ը), որն ընդգրկում է լսարանային ուսուցում (4 կրթական հատվածով) և ներառյալ 4 ամիս տևողությամբ փորձաշրջան (հունիսի 8-ից հոկտեմբերի 16-ը): Ուսումնառության ընդհանուր ժամաքանակը 1230 ակադեմիական ժամ է:
Ուսուցման ծրագրով նախատեսված է թե՛ մասնագիտական, թե՛ հարակից առարկաների դասավանդում: Որպես դատավորների և դատախազների թեկնածուների կրթական ծրագրերի մերձեցման գործընթացի դրսևորում՝ Ակադեմիայում որոշ դասընթացների ուսուցանումն իրականացվելու է համատեղ:
առաջին անգամ մասնագիտական պատրաստում են ստանում դատախազի 5 թեկնածու ԼՂՀ-ից