23/02/2015 14:11
Ծառուկյանի բացակայությունների մասին դեռ հիմնավորումներ չկան. ԱԺ նախագահ
Գագիկ Ծառուկյանը դեռևս հիմնավորումներ չի ներկայացրել իր բացակայությունների վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Վերջինիս խոսքով՝ ուսումնասիրվել են ոչ միայն Գ. Ծառուկյանի, այլև մյուս պատգամավորների բացակայությունների հիմքերը, որոնք բոլորն էլ իրավական տեսքի են բերվել: «Լրացուցիչ նոր տեղեկանքներ ենք պահանջել և, կարծում եմ, որ ժամանակին պատշաճ կերպով այս խնդիրը կլուծվի»,- ասաց նա:
Գ. Սահակյանն ընդգծեց, որ ո´չ ԱԺ նախագահը, ո´չ էլ առավել ևս ՀՀԿ-ն ստուգող մարմին չի հանդիսանում: «Շատ խրախուսելի է ձեր հետաքրքրությունը, բայց նույն հարցը կարող եմ ես ձեզ տալ. Դուք հետաքննություն անցկացնելո՞ւ եք այդ հայտարարությունների վերաբերյալ, թե՞ ոչ»,- հավելեց ԱԺ նախագահը:
Լրագրողի դիտարկմանը՝ նախկինում Գագիկ Ծառուկյանի բացակայությունները ձեր կողմից հարգելի են ճանաչվել, այսօր ինչպե՞ս եք պատրաստվում այդ հարցը լուծել, Գ. Սահակյանն արձագանքեց. «Բոլոր խնդիրներին կպատախանենք, երբ այդ գործառույթն ավարտվի: Կարծում եմ, որ կտեղեկացնենք այդ մասին, իսկ այս պահին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ վերջնական որոշում դեռևս չեմ կայացրել»,- ասաց նա:
Անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը՝ Գ. Սահակյանը կրկին հրաժարվեց հարցին կոնկրետ պատասխանել: «Այդ մասին հարցրեք Գագիկ Ծառուկյանին, և եթե կցանկանաք, հղում արեք նախագահին, միգուցե պատասխանի»,- ասաց նա և հավելեց. «Որևէ մեկը մյուսի նկատմամբ որևէ ճնշում չի գործադրել: Սա քաղաքական գործընթսց է, որը նման իրավիճակի է հանգեցրել: Չպետք է ճնշվող կամ ճնշող խնդիր լինի, որպեսզի սրանից հետո ոչ խախտումներ լինեն, ոչ էլ խախտվողներ»,- եզրափակեց Գ. Սահակյանը: