23/02/2015 13:08
Նաիրիտցիները կրկին նախագահականի մոտ են, պահանջն՝ անփոփոխ
Այսօր Նաիրիտ գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը նրանց վճարվել էր մեկ ամսվա աշխատավարձ, սակայն այդ գումարը չի գոհացրել աշխատակիցներին, իսկ մինչ այդ նրանք կրկին բողոքի ակցիա էին նախաձեռնել՝ կրկին նախագահական նստավայրի մոտ: Աշխատակիենցրին ընդունել էր նախագահի աշխատակազմի քաղաքացիների դիմումների ու նամակների վարչության պետը և խոստացել, որ բողոքի ու նամակների մասին վերադասին տեղյակ կպահվի:
Այսօր նաիրիտցիները եկել են իրենց հուզող հարցերի պատասխանների հետևից:
Aysor.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Ռուբեն Մատինյանը նշեց, որ վճարված գումարը բավարար չէ, որպեսզի ամբողջ ծախսերը հոգան. Կոմունալ վճարումներ կատարել և ընտանիք պահել: Դիտարկմանը, թե նախարարի հետ չեք պատրաստվում հանդիպել, գործարանի աշխատակիցը պատասխանեց, որ նախարարը միշտ նույն վերացական պատասխանն է տալիս, իսկ մեզ հիմնավորված պատասխաններ են պետք:
«Մեզ միշտ ասում է, թե աշխատում են այդ ուղղությամբ, միջոցներ են ձեռնարկվում, բայց այդ աշխատանքը մեզ ձեռք չի տալիս: Գալիս են մարդկանց լույսն են անջատում, ջուրն են կտրում… ոչ ոքի այսօր չի հետաքրքրում, թե Նաիրիտ գործարանը մեզ գումար է պարտք: Կոմունալների վճարման օրն է, գնանք ասենք՝ աշխատում են այս ուղղությամբ, մեզ կվճարե՞ն»,- ասաց նա:
Գործարանի աշխատակիցը նշեց, որ արդեն բազմաթիվ աշխատողներ ազատվել են աշխատանքից, ովքեր այսօր ավելի ծայրահեղ վիճակում են գտնվում: Աշխատողներից եղել են մարդիկ, ովքեր իրենց մահկանացուն են կնքել: «Այսպես, թե այնպես, եթե գործարանը չի աշխատելու, այս մարդիկ ևս վաղ թե ուշ հեռանալու են այստեղից: Մարդկանց մեծ մասը վաթսուն անց մարդիկ են, իսկ նրանց մեծ մասն այսօր ազատվել է աշխատանքից, այն դեպքում, երբ իր աշխատանքային փորձի 30-40 տարիները նվիրել է գործարանին»,- ասաց գործարանի աշխատակիցը:
Գործարանի աշխատակիցները պահանջում են սպառիչ պատասխաններ, թե երբ է պարտքը մարվելու:
Գործարանի աշխատակիցները պնդում են, որ մեկ ամսվա աշխատավարձ ստացել են նրանք, ովքեր հունվար ամսին աշխատել են, իսկ մնացածին ամբողջական գումար չի վճարվել: Նրանք չեն հավատում նաև այն հավաստիացումներին, թե Համաշխարհային բանկը գործարանում պետք է աուդիտ անցկացնի:
«Փորձաքննությունը երկու կողմ ունի: Եթե իսկապես ուզում են գործարանն աշխատեցնել, դա շատ լավ կլինի, բայց եթե միտված են կրկին հուսախաբ անել, դա լավ չէ: Մինչ օրս արդեն երկու անգամ աուդիտ է անցկացվել, բացառապես դրական կարծիք է կազմվել, բայց մինչ օրս գործարանը չի աշխատել: Առանց ներդրումները գործարանը չի կարող վերագործարկվել: Ես վստահում եմ Համաշխարհային բանկին, բայց ամբողջությամբ չենք հավատում»,- ասաց Ռ. Մատինյանը՝ հավելելով, որ գործարանի աշխատակիցները մտավածություն ունեն, որ գործարանը չի վերագործարկվի և իրենց գումարները չեն վճարվի: