23/02/2015 12:16
Գ. Սահակյան. Ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել Ազգային ժողովը
«Մենք համարում ենք, որ ստեղծված այս իրավիճակում ԱԺ-ն իր անհետաձգելի քննարկման հարց պետք է դարձներ Սերժ Սարգսյանի հակասահմանադրական գործողություններն ու վրեժխնդրությունը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի նկատմամբ »,- Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրան ընդհատեց:
«Ներողություն էլի, սա մտքերի փոխանակություն չէ, սա հարց է: Ելույթ եք ունենում: Երկրորդ` Գ. Ծառուկյանի թիմը ունի մի ամբողջ խմբակցություն, եթե խնդիր լիներ, նրանք չէին բոյկոտի: Հարց տվեք»,- ասաց Շարմազանովը:
Լ. Զուրաբյանն էլ կրկնեց` քննարկվելո՞ւ են ԱԺ-ում ներքաղաքական վերջին իրադարձությունները:
«Ես ձեզ դիտարկում եմ զուտ այնպիսին, ինչպիսին կաք և համաձայն չեմ ձեր մտքերի հետ: Ձախողված վրեժխնդրությունը թատերաբեմ չի կարող դարձնել Ազգային ժողովը»,- միայն ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ԲՀԿ-ական մի քանի պատգամավոր լքեցին նիստերի դահլիճը` Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք բոյկոտում են ԱԺ աշխատանքները: