24/02/2015 17:58
Ն. Փաշինյան. Բերձորի միջադեպը Ղարաբաղի գլխին դառնալու է պատուհաս
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարությունների ժամին, անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց, որ խայտառակ այդ միջադեպը, որի ժամանակ ԼՂՀ ոստիկանությունը դաժան ծեծի ենթարկեց խաղաղ երթի մասնակիցներին, ծանրագույն հարված էր Արցախի պետականությանը:
Պատգամավորի խոսքով՝ այդ միջադեպով կասկածի տակ դրվեց ՀՀ ԱԺ տասնյակ պատվիրակությունների միջազգային ատյաններում պնդվող լեգիտիմությունն այն մասին, թե Ղարաբաղում կա օրինականություն, ժողովրդավարություն:
«Այս միջադեպը արժեզրկման վտանգի տակ դրեց Ղարաբաղյան շարժումից ի վեր ունցած մեր բոլոր ձեռքբերումները: Սույն թվականի ձետրվարի 6-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտ՝ քննարկելու Բերձորի միջադեպի հետևանքները վերացնելու հարցը: Իմ դիրքորոշումը եղել և շարունակում է մնալ նույնը»,- հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ավտոերթի մասնակիցների դեմ բռնություն կիրառած մարդիկ, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, և բացի դա՝ միջադեպին պետք է հետևեն իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ այս դիրքորոշումն, կարծես թե, ընկալելի է ԼՂՀ իշխանությունների համար, բայց միևնույն ժամանակ, այս ֆոնին առավել քան զարմանալի է, երբ միջադեպից 20 օր անց փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ չի հարուցվել:
Նա շեշտեց, որ ևս մեկ անգամ ուզում է բոլորին հիշեցնել, որ խաղաղ ավտոերթի մասնակցիների նկատմամբ բռնություն կիրառող անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ միջադեպի նկատմամբ անփութույթուն ցուցաբերած մարդիկ պետք է օր առաջ պաշտոնանկ արվեն:
«Սա ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույք է, այլ Ղարաբաղի Սահմանադրության, օրենսդրության և բարոյականության պահանջ: Արցախի իշխանմությունները պետք է խորապես գիտակցեն, որ այդ միջադեպի հետևանքները հաղթահարելու միակ ճիշտ ճանապարհը սա է: Եվ եթե մենք չգնանք այս ճանապարհով, այս միջադպեը դառնալու է Ղարաբաղի գլխին պատուհաս և Արցախի միջազգային հեղինակությունը դնելու է վտանգի տակ»,- հայտարարեց պատգամավորը:
Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Ղարաբաղի իշխանությունները կանգնած են այսօր ընտրության առաջ և հերթական անգամ նրանց կոչ արեց պետություն-ախպերություն երկընտրանքից առաջ ընտրություն կատարել հօգուտ սեփական պետության:
«Սա բխում է նաև Հայոց պետականության և հայ ժողովրդի շահերից»,- ամփոփեց իր միտքը նա: